Ձեռագործ վարպետների աշխատանքները դրվել են աճուրդի վիրավորված զինծառայողին օգնելու համար
SocietyՁեռագործ վարպետները միավորել են իրենց ջանքերը` օգնելու 2015-ին ադրբեջանական կողմի արձակած արկի պայթյունի հետևանքով ծանր վիրավորում ստացած Արմենակ Առուստամյանին: Նա ներկայում տեղաշարժվում է հենակներով և նրան երկարատև բուժում է սպասվում: Վարպետները նվիրաբերել են իրենց մի շարք աշխատանքներ, որոնք դրվել են աճուրդի, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի ընտանիքին: Այս մասին տեղեկացրին «Առողջություն քեզ, Արմենակ»նախաձեռնության հեղինակները: «Ելնելով ստացվող նամակներից, հարկ ենք համարում ևս մեկ անգամ շեշտել, որ աճուրդից ստացվող ամբողջ հասույթը փոխանցվելու է Արմենակ Առուստամյանի ընտանիքին: Վարպետները և աճուրդի կազմակերպիչները աճուրդից չեն ունենա ոչ մի լումա: Մեր միակ օգուտը Արմենակին օգնած լինելու ուրախությունն է: Շնորհակալ ենք առաջ ին հերթին վարպետներին, ովքեր իրենց աշխատանքի ու ջանքերի արդյունքները սրտաբացորեն տրամադրում են ընդհանուր նպատակին հասնելու համար: Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք և հավատում եք, որ միասին կարող ենք բարությունը թիրախավորված դարձնել»,-նշված է խմբի ֆեյսբուքյան էջում:
Աճուրդ-վաճառքը մեկնարկել է ապրիլի 25-ին, այն կտևի 2 շաբաթ, արդյունքները կամփոփվեն մայիսի 9-ի կեսօրին: