Չինարենի նկատմամբ հետաքրքրությունն աճել է. Գայանե Սողոմոնյան
SocietyՀայաստանում աճել է չինարենի նկատմամբ հետաքրքրությունը: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին մայրաքաղաքում չինարեն է դասավանդվում Չեխովի անվան թիվ 55 դպրոցում:
«Արդեն երկրորդ տարին այնտեղ չինարեն է դասավանդվում: Մենք սկզբում ունեինք մտահոգություն` հաշվի առնելով լեզվի քերականական դժվարությունները և տարբերությունները: Մենք տեսնում ենք, թե ինչ հաջողությամբ են երեխաները հաղթահարում դա:
Այստեղ մեծ ներդրում ունի ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտը և նրա մասնագետները, որոնք կարողացել են լեզուն ուսուցանելու շատ հեշտ մեթոդներ ընտրել` լեզվին զուգահեռ երեխաներին տեղեկատվություն տալով չինական մշակույթի, պատմության մասին»,- նշեց Գայանե Սողոմոնյանը:
Նրա տեղեկացմամբ` այս ուսումնական տարում ևս մի քանի դպրոցներում կդասավանդվի չինարեն: «Այս պահի դրությամբ ևս երեք դպրոցներում կուսուցանվի չինարեն: Իսկ չինարենի խորացված ուսումամբ դպրոցն, ամենայն հավանականությամբ, կբացվի սեպտեմբերից, շինարարարությունը լայն թափով ընթանում է»,-հավելեց նա:
ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը 2015 թվականի դեկտեմբերի 19-ին տեղեկացրել էր, որ Հայաստանում մեկնարկել է չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցումը:
Երևան, Զ. Սարկավագի, 14 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի 38.4 քառակուսի մետր մակերեսով կաթսայատունը կապամոնտաժվի՝ դրա տեղում չինարենի խորացված դպրոց կառուցելու համար: Այս մասին որոշման նախագիծը հաստատվել էր փետրվարի 5-ին ՀՀ կառավարության նիստում: