Բյուրականի աստղադիտարանը դարձել է Հայաստանի այցեքարտերից մեկը
SocietyՎիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ հոբելյանական միջոցառումների շրջանակում աստղադիտարանում, Համբարձումյանի աշխատասենյակում և տուն-թանգարանում հատուկ լրագրողների համար անցկացվեց ճանաչողական էքսկուրսիա:
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ ցանկացած գիտական հիմնարկ պետք է շփման մեջ լինի հասարակության հետ, այլապես այն կդառնա անպիտան: Այդ առումով՝ աստղագիտությունը բավականին շահեկան վիճակում է:
Վերջին 3 տարիների ընթացքում կատարվել են գիտական ենթակառուցվածքի էական փոփոխություններ, ինչպես նաև բարձրացել է գիտաշխատողների աշխատավարձը: Նաև թարմացվել է տարածաշրջանում խոշորագույն դիտակը և հաջողվել է վերականգնել համագործակցությունը «Ռոսկոսմոս» գործակալության հետ, որն իրականացնում է մշտադիտումներ:
Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ Հայաստանում աստղագիտությունը միանգամայն զարգացած է. եթե թվարկենք աստղագիտության ոլորտում աշխարհի ամենաառաջատար երկրները, դրանցից անմիջապես հետո կնշենք Հայաստանը: Բայց կա շարունակաբար հետ մնալու բացասական միտում: Առանց ներդրումների, միայն մարդկանց էնտուզիազմով հնարավոր չէ որևէ բան զարգացնել:
Միջոցառումների շրջանակում սեպտեմբերին տեղի կունենա գիտաժողով, հանդիսավոր նիստ ԳԱԱ-ում, միջազգային ամառային դպրոց, հանդիպումների շարք Հայաստանի տարբեր ստեղծագործական միությունների ու կառույցների հետ, նաև կլինեն հյուրեր արտասահմանից:
Աստղադիտարանը ԶԼՄ-ների համար այս տարի սահմանում է երեք մրցանակ՝ գիտական ոլորտում լավագույն տպագիր կամ առցանց նյութի, լավագույն հեռուստա-ռադիո ռեպորտաժի և տարվա կտրվածքով լավագույն նյութի համար:
Այնուհետև Վ.Համբարձումյանի տուն-թանգարանի աշխատակիցը Աստղիկ Կարապետյանը լրագրողներին ներկայացրեց գիտնականի տունը, որտեղ վերջինս ապրել է 1950-96թթ.: