Պարտադիր սոցվճարի ժամկետների փոփոխությունները համահունչ են Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուն. ՊԵԿ փոխնախագահ
Economics2018 թվականից ուժի մեջ մտնող Հարկային նոր օրենսգրքով վերանայումներ են կատարվելու և դրույքաչափերի, և հարկային բեռի առումով, ուստի ճիշտ է, որ պարտադիր սոցիալական վճարի ժամկետների փոփոխությունները համահունչ լինեն:
Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ անդրադառնալով գործադիրի նիստում վարչապետի հայտարարությանը: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին կառավարության հաջորդ նիստին ներկայացնել սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը՝ 2017-ի հուլիսի մեկից 2018-ի հուլիսի մեկը հետաձգել նախատեսող նախագիծ:
Հարցին՝ արդյոք այս հետաձգման պատճան այն է, որ կառավարությունը վախենում է հասարակության ընդվզումից ու բողոքի ակցիաներից. Միրումյանն ասաց. «Հիմնավորումը շատ հստակ է՝ քանի որ Հարկային նոր օրենսգրքով վերանայումներ են կատարվելու՝ և դրույքաչափերի, և հարկային բեռի առումով, ապա ճիշտ է, որ այդ փոփոխությունները համահունչ լինեն: Քանի որ օրենսգիրքը 2018 թվականից է կիրառվելու, տրամաբանական է, որպեսզի կուտակային վճարը ավելի շուտ ուժի մեջ չմտնի, ինչո՞ւ, որովհետև կուտակային վճարի գումարը հաշվարկվում է նույն բազայի նկատմամբ, ինչի նկատմամբ հաշվարկվում է եկամտային հարկը»,- ասաց Միրումյանը:
Միաժամանակ, ՊԵԿ փոխնախագահը տեղեկացրեց, որ Հարկային նոր օրենսգրքից հանվել է ուսումնական և բուժհաստատություններն ավելացված արժեքի հարկով հարկման դաշտ բերելու դրույթը: «Մարտի 31-ին կառավարության հավանությանն արժանացած և հաստատված տարբերակում, որն ուղարկվել է Ազգային ժողով, ուսումնական ու բժշկական հաստատությունների արտոնությունները պահպանված են»,- ասաց նա: