Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ինդոնեզիայի դեսպանին
SocietyՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 28-ին առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց Հայաստանում Ինդոնեզիայի դեսպան Նինիեկ Կուն Նարյաթիին (նստավայրը՝ Կիև):
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Նինիեկ Կուն Նարյաթիի գործունեությունը Հայաստանում Ինդոնեզիայի դեսպանի պաշտոնում՝ ընդգծելով, որ այդ ընթացքում կայացավ Ինդոնեզիայից առաջին բարձրաստիճան այցը Հայաստան՝ Երևան այցելեց Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը, Ինդոնեզիան վերացրեց մուտքի արտոն ագրի պահանջը ՀՀ քաղաքացիների համար, Հայաստանում տեղի ունեցան Ինդոնեզիայի մշակույթի օրեր։
Շնորհակալություն հայտնելով իր գործունեությանը Հայաստանի ԱԳՆ կողմից ցուցաբերած աջակցության համար՝ դեսպան Նարյաթին նշեց, որ Ինդոնեզիան կարևորում է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը, և ընդգծեց, որ իր առաքելության ընթացքում փորձել է առավելագույն ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգային հարցերի շուրջ, կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը։
Հաջողություն մաղթելով դեսպանին հետագա գործունեության ընթացքում՝ Էդվարդ Նալբանդյանը՝ ի նշանավորումն հայ-ինդոնեզական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի, Նինիեկ Կուն Նարյաթիին պարգևատրեց ԱԳՆ պատվո մեդալով։