Վերջին տարիներին վերականգնվել և ամրակայվել է 10 որմնանկար
CultureՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2007-2016 թթ. վերականգնվել և ամրակայվել է 10 որմնանկար: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
2007 թ. վերականգնվել և ամրակայվել է Մ. Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը՝ Ջաջուռի Մ. Ավետիսյանի տուն-թանգարանում, իսկ 2010 թ. Մ. Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները՝ ՀՀ կառավարության N 1 շենքում:
2011-ին վերականգնվել և ամրակայվել միանգամից մի քանի որմնանկարներ: Դրանք են Մ. Ավետիսյանի «Թել են մանում» և «Երկանք» որմնանկարները՝ «Արմենիա» միջազգային օդանավակայանում» և Նախագահական համալիրում, Ավետիսյանի «Գորգ են գործում» որմնանկարը՝ Գյումրի քաղաքում վերակառուցվող հուշարձան-շենքի տարածքում`«Ֆրանսիա» հյուրանոց, Աբովյան 218, ինչպես նաև Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարը՝ Գյումրու քաղաքաղապետարանում:
2013-ին վերականգնվել և ամրակայվել է Վահրամաբերդի մշակույթի տանը գտնվող Մ. Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարը:
2014-2015 թթ. վերականգնվել և ամրակայվել է Գյումրիի Երիտասարդական պալատում գտնվող Ռ. Աթոյանի «Ջաղացի ճանապարհին» որմնանկարը, իսկ 2016-ին՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում գտնվող Հ. Հակոբյանի «Սարերում» որմնանկարը: