Հասմիկ Պողոսյանը ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առթիվ
SocietyՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Պարի միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ուղերձում ասվում է.
«Պարարվեստի սիրելի գործիչներ,
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը, և մեզ հրաշալի առիթ է ընձեռված մեկ անգամ ևս արժևորելու պարարվեստի հայ գործիչների՝ իրենց կոչմանն իրապես նվիրյալ մարդկանց երախտիքն ու վաստակը:
Մարդկային մտքի և զգացմունքի ամենաանկեղծ արտահայտչամիջոցի՝ պարի լեզվով հայն արտահայտել է իր տոկունությունն ու ուժը, նաև թախիծն ու վիշտը: Ուրախացել է, լաց եղել, և երբ բառերը չեն լսվել, երգել է հայը, երբ երգն անզոր էր՝ շուրջպար է բռնել՝ ապացուցելով լինելիության և հավերժության ձգտումը, ապրելու և արարելու պարզ մարդկային ցանկությունը:
Այսօր ևս, մենք հայկական շուրջպարի պես միախմբվելու և միասնական լինելու հրամայականն ունենք, մեր արվեստով` նաև մեր պարով քառորդդարյա մեր անկախությունը պիտի պահպանենք և զարգացնենք, պաշտպանենք ու անշրջելի դարձնենք:
Մեծ է ձեր դերակատարությունը այս գործում. դուք հայ մշակույթի, հայկական ինքնության պահպանման և մեր երկրի հոգևոր առաջընթացի առաջամարտիկներից եք:
Պարարվեստի սիրելի գործիչներ, օրվա առիթն օգտագործելով, թույլ տվեք կրկին շնորհավորել ձեզ՝ մաղթելով ստեղծագործական ներշնչանքի բերկրալի պահեր և լեփլեցուն դահլիճներ»: