Խոշոր հարկատուների ցանկ, ով որքան է վճարել
EconomicsՀՀ հարկային ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը և վճարված հարկերի ընդհանուր գումարը: Եվ այսպես ամենախոշոր հարկ վճարողների եռյակում են գտնվում՝ Գազպրոմ Արմենիան (15,6 մլրդ դրամ), Արմենիա միջազգային օդանավակայաններ (4,9 մլրդ. դրամ) և Հայաստանի էլեկտրական ցանցեր (4,1 մլրդ. դրամ) ընկերությունները:
Այս երեք ընկերությունները միասին ապահովել են 1000 հարկատուների վճարված ընդհանուր հարկերի 15,7 տոկոսը, իսկ 10 ամենախոշոր հարկատուները միասին 29 տոկոսը, որը կազմել է 45 մլրդ. դրամ: 1000 ամենախոշոր հարկատուները միասին այս եռամսյակում վճարել են 156,5 մլրդ դրամ, որը 4,2 մլրդ. դրամով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում ամենախոշոր 1000 ընկերությունների կողմից հավաքված հարկերի ընդհանուր գումարից, որը կազմել էր՝ 152,3 մլրդ դրամ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Գազպրոմ Արմենիան նույնպես առաջին հորիզոնականում էր գտնվում: Ամենախոշոր հարկատուներից է նաև 15-րդ տեղում գտնվող Գազպրոմ Արմենիա խմբում գտնվող Գազպրոմ Արմենիա ՓԲԸ- Տրանսգազ ընկերությունը, որն իր հերթին վճարել է 1,6 մլրդ դրամ:
Հիմնական փոփոխություններից է այն, որ առաջին տասնյակում է հայտնվել նաև Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությունը: Հիշեցնենք, որ այս ընկերությունը նախորդ տարի վճարել էր 1 մլրդ դրամ և գտնվում էր ցուցակի 22 հորիզոնականում:
Իր դիրքերը զգալիորեն զիջել է նախկիում հաճախ ամենախոշոր հարկատու հանդիսացող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը վճարել է 1,99 մլրդ դրամ հարկ և ներկայումս գտնվում է 11 հորիզոնականում: 2015 թ.-ի առաջին եռամսյակում այս ընկերությունը գտնվել է 4-րդ հորիզոնականում, իր վճարած 4մլրդ. դրամ հարկերով: Ի հակառակ դրան, հանքարդյունաբերության ոլորտի խոշոր ձեռնարկություններից ավելի լավ դիրքեր և ավելի շատ հարկերն են վճարել Գեոպրոմայնինգ Գոլդ և Թեղուտ ընկերությունները:
Առաջին տասնյակի 7 տեղում է Հայկական ատոմային էլեկտրակայանը, իր 3 մլրդ. դրամ հարկով, որը նախորդ տարվա համեմատ ավել է վճարել մոտ 1 մլրդ. դրամ: Զգալի հետընթաց է գրանցել, Երևանի կոնյակի գործարանը, հայտնվելով 28-րդ տեղում, նախորդ տարվա 16 տեղի փոխարեն:
Խոշոր արդյունաբերական ընկերությունը՝ Գրանդ Տոբակոն վճարել է 2,9 մլրդ դրամ և գտնվում է 8 տեղում: 1 աստիճան հետընթաց է գրանցել նաև Հայաստանի էլեկտրական ցանցերը, որից հավաքագրվել է 4,1 մլրդ դրամ հարկեր: Թեև էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հանգամանքին, այս ընկերության կողմից վճարված հարկերը նախորդ ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 500 մլն դրամով:
Մի փոքր վատացել է հեռահաղորդակցման ոլորտի խոշոր ընկերություններից՝ Արմենիա տելեֆոն կոմպանի ֆինանսական վիճակը (3,43 մլրդ դրամ վճարված հարկերով), որը պակաս է վճարել 759 մլն դրամ նախորդ տարվա համեմատ:
Հետընթաց է գրանցել Ալեքս Գրիգ ընկերությունը (6 -րդ տեղ), իր վճարած 3,3 մլրդ. դրամով: Իսկ ահա Ֆլեշ ընկերության հարկային վճարումների ծավալը մեծացել է և կազմել է 3,6 մլրդ դրամ, ավել վճարելով նախորդ տարվա համեմատ 400 մլն. դրամ:
Բանկային համակարգից ամենախոշոր հարկատուներն են Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկը և Արդշինբանկը, որոնք գտնվում են՝ 21 և 22 հորիզոնականներում, համապատասխանաբար 998 և 957 մլն դրամ վճարված հարկերով: