ԲՀԿ-ի ապագայի հաշվով որևէ հաշվարկ չկա, քանի որ այն այլևս որևէ մեկի պետք չէ
AnalysisԽորհրդարանում ԸՕ-ի քննարկման ժամանակ «Ժառանգություն» կուսակցությունից ժառանգություն մնացած միակ ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի ելույթը, ինչպես հայտնի է, ԱԺ-ում ոչ թե հերթական բանավեճի պատճառ հանդիսացավ, այլ պատգամավորներն արդարացիորեն փորձեցին ժառանգուհուն հիշեցնել, որ ընդդիմադիր խաղալու համար ամենևին էլ հարմար պահ ու թեմա չի ընտրել: Չնայած այս անգամ հարցը չհասավ ոստիկանապետից թիկնապահներ խնդրելուն, սակայն նրան իր տեղն ու չափը ցույց տվողները բավականին կոշտ քննադատության ենթարկեցին, թեև պարզից էլ պարզ էր, որ Փոստանջյանի ելույթը պետք է պատգամավորների բուռն դիմադրությանն արժանանար, սակայն ամենաուշագրավը ԲՀԿ նախագահ Ն. Զոհրաբյանի ելույթն էր, ով իր զայրույթը վարպետորեն տեղափոխեց ընդդիմություն-ընդդիմություն «խաղի տիրույթ»՝ ձեռի հետ էլ «բացելով» ընդդիմություն խաղալու իրավունք ձեռք բերելու պայմաններն ու շրջանակները: Այդ ջղաձիգ ելույթից, սակայն, պարզ դարձավ նաև, որ տիկին Զոհրաբյանին այդպես էլ չի հաջողվում ո´չ քաղաքական գործիչներին, ո´չ էլ հասարակությանը համոզել, որ իրականում ոչ թե իշանությունների կցորդն է, այլ իրական ու անաչառ ընդդիմադիր քաղաքական գործիչ և այն գործունեությունը, որ «սրտանց» իրականացնում են ինքն ու իր կուսակցությունը, իրականում ծավալվում է հենց ընդդիմադիրի դիրքերից:
Զարմանալի է, սակայն, որ կուսակցության առաջնորդը հղում է անում նույն այն ժողովրդին, ովքեր իրոք լավ հիշողություն ունեն և հիշում են, թե առհասարակ ԲՀԿ-ն ինչ սկզբունքով է մասնակցել ընտրություններին ու ինչպես է նրանց հաջողվել անցողիկ «միավորների» տեր դառնալ ու պատգամավորի աթոռներին բազմել: Բամփելուց խոսող ԲՀԿ առաջնորդը նաև զայրացած է, քանի որ իր ամենատխուր երազում անգամ չէր էլ կարող պատկերացնել, թե «բամփելը» ինչ է ու իրականում ինչ հետևանքներ կարող է ունենալ: Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով էլ խիստ զայրացած է, քանի որ մի կողմից առաջարկվող սահմաններն են նրան «նեղ» թվում, մյուս կողմից՝ նրան չի հաջողվում ժողովրդին համոզել, որ ինքն ընդհանրապես և իր ղեկավարած կուսակցությունը մասնավորապես, երբևէ կարող է հանդես գալ ընդդիմադիրի դիրքերից:
Ու ինչքան էլ բոցաշունչ ու բոցավառ ելույթներ ունենա ԲՀԿ-ի ներկայիս հարգարժան առաջնորդը, միևնույնն է, լավ պատկերացնում է, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր դաշտում ոչ միայն չի կարող խաղալ, քանի որ լուրջ չի ընկալվի թե´ իշխող քաղաքական կուսակցության, թե´ արմատական ընդդիմության կողմից: Այնպես որ, հավանաբար, գիտակցելով, որ ԲՀԿ-ի ապագայի հաշվով որևէ հաշվարկ չկա, քանի որ այդ կուսակցությունն այլևս որևէ մեկի պետք չէ ու քանի որ արդեն կանխազգում է իր կուսակցության մոտալուտ վախճանը, ուստի շատ վրդովված է:
Ինչ վերաբերում է իր` « …. ժողովուրդը շատ լավ գիտի ձեզնից յուրաքանչյուրի թույլատրված այն կարմիր գիծը, որից դուրս եկաք, ընենց կբամփվեք, որ ձեր տեղն էլ չեք գտնի» արտահայտությանը, ապա դրանից կարելի է հասկանալ, որ տիկին Զոհրաբյանն այս ընթացքում ոչ միայն չի գտել իր տեղը, այլև դեռ երկար ժամանակ չի էլ կարողանա գտնել:
Արմինե Գրիգորյան