Արծրուն Հովհաննիսյանը չի ցանկանում մեկնաբանել բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունները
SocietyՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի ցանկանում մեկնաբանել Հայաստանի զինված ուժերում բարձրաստիճան զինվորականների վերջին պաշտոնանկությունները: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այդ կապակցությամբ պաշտպանության նախարարությունից մեկնաբանություններ չեն լինի, քանի որ զինվորականներն ընդհանրապես իրավունք չունեն հատկապես բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունների կամ անգամ նշանակումների մասին որևէ մեկնաբանություն տալ: «Հիմա էլ ես չեմ կարող մեկնաբանություն տալ»,- նշեց Հովհաննիսյանը:
Դիտարկմանը, թե այս օրերին խոսակցություններ են շրջանառվում, որ քառօրյա պատերազմի մեկնարկն անսպասելի է եղել հայկական կողմի համար, քանի որ թերացել է հետախուզությունը, և պաշտոնանկ է արվում ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդ հարցին մեկնաբանություն տվել են շատ ավելի բարձր պաշտոնյաներ: Ես ավելացնելու բան չունեմ»:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին հրամանագիր է ստորագրել Արշակ Կարապետյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատելու մասին: Մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահը Ալիկ Միրզաբեկյանին ազատել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին հրամանագիր է ստորագրել նաև Կոմիտաս Մուրադյանին ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ- կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից ազատելու մասին: