Մամուլի ազատության համաշխարհային օրը ներկայացվեց «Ինչպես տեղեկատվություն ստանալ կառավարությունից» ուղեցույցը
SocietyՄամուլի ազատության համաշխարհային օրը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում ներկայացվեց «Ինչպես տեղեկատվություն ստանալ կառավարությունից» մասնագիտական գիրք-ուղեցույցը: Տեղեկատվության մատչելիության մասին ձեռնարկը նախատեսված է ցանկացած լրատվամիջոցում աշխատող լրագրողների, տեղեկատվական դաշտի մասնագետների համար, ում անհրաժեշտ է պետական մարմինների տնօրին ած տեղեկատվությունը` իրենց հոդվածները պատրաստելու համար:
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը շնորհանդեսի մեկնարկին շնորհավորեց ներկաներին` մասնագիտական տոնի կապակցությամբ:
«Յուրաքանչյուր մասնագիտական ուսումնասիրության հետ ուսանողի շփումն անհրաժեշտ ու կարևոր է: Ապագա լրագրողները պիտի տեղյակ լինեն լրագրողական գործունեության բոլոր ոլորտներին, յուրաքաչյուր իրողությանը, այդպես է ձևավորվում մասնագետը»,- նշեց նա:
Ուղեցույցը կազմել և տպագրել է«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն` տեղայնացնելով այն Հայաստանի համար: Գիրք-ուղեցույցի նպատակն է օգնել լրագրողներին օգտվելու տեղեկատվության մատչելիության իրավունքից իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս: Այն եվրոպական երկրներում և Հայաստանում գործող տեղեկատվության մատչելիության օրենքների մասին է:
«Մաղթում եմ, որ մենք գործունեություն իրականացնելիս երբեք չհանդիպենք խոչընդոտների, կարողանանք իսկապես կատարել մեր առաքելությունը: Մենք բոլորս գիտակցում ենք, որ շատ կարևոր դերակատարություն ունենք մեր երկրի ներկան և ապագան ավելի լավը դարձնելու գործում: Լրագրողներն են հասարակական փոփոխությունների շարժիչը»,-նշեց գրքի խմբագիր Լիաննա Սայադյանը` հավելելով, որ բոլոր կարևոր տեղեկությունները տնօրինում են կառավարությունները:
Ուղեցույցը լույս է տեսել 2016 թվականին «Տիգրան Մեծ» հրատարակչությունում: Թարգմանությունը կատարել է Քրիստինե Սողիկյանը: Օրենսդրության տեղայնացումն իրականացրել է Արա Ղազարյանը: