«Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնի ընթացքը կներկայացվի նոր ֆիլմով
Culture«Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնի ընթացքը կներկայացվի նոր ֆիլմով:
Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 4-ին տեղեկացրեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը` շեշտելով, որ ֆիլմը նկարահանել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները:
«Ֆիլմն ուսանողների դիպլոմային աշխատանքն է: Նրանք ամբողջ ընթացքում նկարահանումներ են իրականացրել, հուսամ, որ ֆիլմ ունենալն ավանդական կդառնա: Երբ այն ավարտեն` հանդիսավոր ցուցադրություն կլինի»,- նշեց Մարիաննա Մխիթարյանը:
«Արմմոնո» միջազգային փառատոնի տնօրենի խոսքով` կազմակերպիչները չգիտեին` փառատոնը կկայանա՞, թե՞ ոչ` հաշվի առնելով արցախյան վերջին իրադարձությունները:
«Մենք հարմար չգտանք փառատոնի բացումը և փակումը տոնական ձևով անցկացնել: Մեր կարծիքով` դա անհարգալից վերաբերմունք կլիներ այն իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի ունեցան: Այն փաստը, որ մեր հյուրերից ոչ ոք չհրաժարվեց գալ, ուժ տվեց մեզ »,-նշեց փառատոնի տնօրենը:
Մարիաննա Մխիթարյանի խոսքով` փառատոնային օրերին տիրել է ստեղծագործական մթնոլորտ, և յուրաքանչյուր հանդիսատես գտել է իր նախընտրած ներկայացումը:
«Ցանկացած փառատոն տոն է և լուրջ աշխատանք է պահանջում»,-շեշտեց նա` հավելելով, որ հայ դերասանների փառատոնային ներկայացումները կցուցադրվեն արտասահմանյան մի շարք երկրներում:
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ ապրիլի 29-ից մայիսի 3-ը Երևանում անցկացվեց մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգայինթատերական ամենամյա 14-րդ փառատոնը:
Այս տարի ցուցադրվեցին բազմատեսակ մոնոներկայացումներ՝ մոնոպար, մոնոմնջախաղ, մոնոդրամա, մոնոստենդափ, ընդհանուր առմամբ` 26 ներկայացում (Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իսրայել, Բելառուս, Լեհաստան, Լիտվա,Ռուսաստան, Վրաստան և Հայաստան):
«Արմմոնո-2016» փառատոնն եզրափակել է Կ. Խոդիկյանի «Լույսը կբացվի» մոնոներկայացումը՝ դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի կատարմամբ:
Հիմնական ծրագրից զատ փառատոնում անցկացվեցին նաև մի շարք այլ ծրագրեր՝ «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ», ինչպես նաև «Մեկ հեղինակի թատրոն»:
Փառատոնի ծրագրում ներառված է եղել նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի «Մարգարիտա և Աբուլֆազ» ստեղծագործության հիման վրա բեմադրված մոնոներկայացումը. այն նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին:
«Արմմոնո-2016» փառատոնի պատվավոր հյուրերի շարքում էին Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), մոնոփառատոնի տնօրեններ Վեցլավ Գերասը (Լեհաստան), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), ՄարիաՏանանան (Լիտվա), Վյաչեսլավ Տերեշենկոն (Ռուսաստան), Անդրեյ Նովիկովը (Բելառուս), Ալեքսանդրաս Ռուբինովասը (Լիտվա), ինչպես նաև անվանի թատերական փորձագետներ Մայքլ Կայթը (Իսրայել), Նատալյա Ցվարցելիձեն (Վրաստան):Ներկայացումների մուտքն եղել է անվճար: