Մարտական հանձնարարություն կատարելիս զոհված զինծառայողների աճյունները հողին հանձնվեցին զինվորական կարգով
SocietyԳեղարքունիքի մարզի Գեղամասար եւ Վերին Գետաշեն գյուղերում հողին հանձնվեցին մարտական հանձնարարությունը կատարելիս զոհված ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Կորյուն Հարությունյանի եւ Իգոր Հակոբյանի աճյունները:
Նրանց հուղարկավորությունը կատարվեց զինվորական կարգով եւ վերածվեց համաժողովրդական ոգեկոչման ու խոնարհումի արարողության:
Վերին Գետաշեն գյուղում Իգոր Հակոբյանի հուղարկավորությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, զինվորականներ, Վերին Գետաշենի եւ հարակից համայնքների հազարավոր բնակիչներ:Հոգեհանգստյան եւ թաղման կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր-Սիմոն քահանան: Իգոր Հակոբյանի աճյունը հողին հանձնվեց զինվորական նվագախմբով, պատվո համազարկերով:Գեղամասար գյուղում Կորյուն Հարությունյանի հուղարկավորությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ան դրանիկ Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի զինծառայողները, Վարդենիսի զինկոմ Գարիկ Առաքելյանը, Գեղամասարի գյուղապետ Գարեգին Բեգյանը, Գեղամասարի եւ հարակից համայնքների բնակիչներ, զոհված զինծառայողի դպրոցական ընկերները: Զինվորականները եւ համագյուղացիները Կորյունի աճյունը հայրական տնից մինչեւ շիրմատուն տարան ձեռքերի վրա՝ քայլելով ավելի քան 2 կիլոմետր: Գյուղապետարանի շենքի դիմաց կազմակերպված սգո միտինգում՝ Հայոց եռագույնի ներքո, խոսք հնչեցրեց ՀՀ ՊՆ Վարդենիսի զինկոմ Գարիկ Առաքելյանը:
«Հայրենակիցներ, հերթական ցավալի զոհն ենք ունեցել, որը ծանր կորուստ է ինչպես Հարությունյանների ընտանիքի, այնպես էլ Գեղամասարի ու մեր ողջ ազգի համար: Լիազորված եմ հայտարարելու, որ Կորյունը զոհվել է մարտական հանձնարարություն կատարելիս: Բացի այդ, նա եղել է առաջնագծում, մարտնչել հայրենի հողի պաշտպանության դիրքերում, իր հերոս ընկերների կողքին: Համարեք նրան հերոսացած մարտիկ: Ցավում ենք ու խոնարհվում նրա շիրիմի առաջ»,-նշեց Գարիկ Առաքելյանը:
«Հարգելի հայրենակիցներ, մենք այս սգի մեջ անգամ պիտի պինդ կանգնենք, որ սահմանին կանգնած հայ զինվորն իրեն ամուր զգա, պիտի լինենք միաբան, այլապես մեզ այլ դաշնակից ու օգնող չկա: Այս բազմամարդ թափորը հուշում է, որ մեր սիրելի զավակը սրբորեն է կատարել պարտքը հայրենիքի հանդեպ»,-իր խոսքն ասաց Կորյունի ազգական Վրեժ Հարությունյանը:
Կորյուն Հարությունյանի աճյունը եւս հողին հանձնվեց զինվորական նվագախմբով, պատվո համազարկերի ներքո: Հոգեհանգստյան եւ թաղման կարգ կատարեց Գեղարքունյքց թեմի Հոգեւոր հովիվ Տեր-Պսակ քահանան: