Արտավազդ Փելեշյանի մասին գրված հոդվածներն ամփոփվել են «Դրոշմման ժամանակը» երկհատորյակում
CultureՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի մասին գրված լավագույն հոդվածներն ու ակնարկներն ամփոփվել են «Դրոշմման ժամանակը» երկհատորյակում: «Տարածական մոնտաժի» մեթոդի հիմնադիր Փելեշյանը մասնակցեց նորաստեղծ ռուսերեն գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ մայիսի 5-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:
«Ծնունդ է առել մի փառավոր գիրք` էությամբ մոնումենտալ և պարունակությամբ անչափելի: Գրքում Փելեշյանը ներկայանում է իր ամբողջ հետագծով, որ գոյացել է իր արվեստի և անձի շուրջը: Բոլորիս համար հպարտություն է այսպիսի գիրք ունենալը: Իմ կարծիքով` այս գրքում ամփոփված է մշակութային վերջին տասնամյակների իրադարձությունների կիզակետը»,- շնորհանդեսի ընթացքում նշեց ճանաչված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը`շեշտելով, որ գիրքն ամփոփում է մեր կինոյի անցած ուղին:
«Բառը և Փելեշյանի կինոն չեն համատեղվում, նա բառերը վտարել է իր կինոյից, որովհետև չի վստահում: Բառը մարդուն տրված է իր իսկությունը թաքցնելու համար: Այն կարող է լինել ժամանակավոր, իսկ պատկերը` հավերժական: Փելեշյանի ֆիլմերը կինոսիմֆոնիաներ են, նրանք կարողանում են հուզական տեքստ հաղորդել»,-իր ելույթում նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը:
Արտավազդ Փելեշյանը շնորհանդեսի ընթացքում ներկաների համար մակագրեց իր գրքերը: Երեկոյի ընթացքում նաև ցուցադրվեց վարպետի մասին պատմող «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» ֆիլմը: Այն ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայկ Օրդյանի համատեղ աշխատանքն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2009-ին:
«Դրոշմման ժամանակը» երկհատորյակը 2016-ին լույս է ընծայել «Տիգրան Մեծ» հրատարակչությունը` ՀՀ մշակույթի նախարարության պատվերով և «Լույս» հիմնադրամի աջակցությամբ: