ԼՂՀ-ն սառեցրել է սահմանադրական փոփոխությունների գործընթացը
BlogՏաթև Տիգրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օրերս հայտնի դարձավ, որ ԼՂՀ իշխանություները երկու ամսով հետաձգել են սահմանադրական փոփոխությունների գործընթացը' ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դեպքերի պատճառով:
Հիշեցնենք, որ ԼՂՀ-ն ցանկանում էր Հայաստանի օրինակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվե իրականացնել և կառավարման նախագահական համակարգից անցում կատարել խորհրդարանական համակարգի: Արցախի խորհրդարանական 5 կուսակցությունները՝ 3 այլ կուսակցությունների հետ, մարտի 14-ին դիմել էին նախագահ Բակո Սահակյանին' սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու խնդրանքով: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախագահին պետք է ներկայացվեր մայիսի 1-ին, իսկ մինչև սեպտեմբերի 1-ը պետք է նախագիծն ամբողջությամբ պատրաստ լիներ: Սակայն Արցախում ստեղծված պատերազմական իրավիճակը ստիպեց, որ տվյալ գործընթացը ժամանակավորապես սառեցվի:
Ներկայացնելով խորհրդարանական համակարգի առավելությունները' ԼՂՀ իշխանությունները նշում են, որ Արցախում սահմանադրական փոփոխությունները միտված են պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, զսպող մեխանիզմների հստակեցմանը, իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռման կատարելագործմանը, ինչպես նաև՝ հանրային կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Նշենք, որ ԼՂՀ-ում գործող Սահմանադրությունն ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 10-ին (նախատեսվում էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կրկին նշանակել նույն օրը): Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրն է, և ԼՂՀ իշխանությունները ուզում են ցույց տալ, որ իրենց Սահմանադրությունը կոչված է առաջին հերթին ապահովելու մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: