Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդները շուտով կունենան ուղեցույց
SocietyՍփյուռքահայ երիտասարդները շուտով կունենան ուղեցույց: Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայն (ՀՀԵ Ոստայն) միջազգային կազմակերպության կողմից, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդի ուղեցույց» ծրագրի շրջանակում, մայիսի 7-ին Գյումրիում տեղի ունեցավ քննարկում՝ երիտասարդ առաջնորդների« երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացրեց ՀՀԵ Ոստայն միջազգային կազմակերպության ղեկավար Ատոմ Մխիթարյանը ուղեցույցի ստեղծման անհրաժշետությունը զգացվում է:
«Սա սփյուռքահայ երիտասարդների կարիքների գնահատումից ծնված ծրագիր է: Երիտասարդները միշտ կարիք ունեն երիտասարդների հետ աշխատանքի և արդեն կիրառված առաջավոր փորձի, մասնավորապես հայապահպանության համար՝ ինչպես կազմակերպել աշխատանքը, հայերին համախմբել, անհրաժեշտ ակցիաներ կազմակերպել և այլն: Մտածեցինք, որ դա ավելի լավ կլինի անել ուղեցույցի տեսքով, որը կտպագրվի ու կբաժանվի, նաև հասանելի կլինի օն-լայն տարբերակով: Կարծում եմ, այս ուղեցույցը կդառնա երիտասարդ առաջնորդի սեղանի գիրքն ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում»,- նշեց Ատոմ Մխիթարյանը՝ փաստելով, որ Գյումրիի երիտասարդական կազմակերպությունների փորձը ևս կհամադրվի ուղեցույցի ստեղծման ժամանակ:
«Գյումրին 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաքն է և Գյումրիի փորձը կհամադրենք մեր փորձագետների աշխատանքի հետ»,-հավելեց Ատոմ Մխիթարյանը:
Նախաձեռնողները նպատակ ունեն ուղեցույցը լույս ընծայել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ մինչ այդ, նախագծի տեսքով, կտրամադրվի երիտասարդական կառույցներին. նրանց նկատողություններն ու առաջարկները ևս հաշվի կառնվի ուղեցույցի վերջնական տարբերակում: Հետագայում այն կթարգմանվի նաև ռուսերեն և անգլերեն:
ՀՀԵ Ոստայնը համահայկական երիտասարդական ցանց է: 2006 թվականին որպես հասարակական կազմակերպություն գրանցված ՀՀԵ Ոստայնը, 3 տարի անց Եվրոպայի խորհրդում գրանցվում է որպես միջազգային կազմակերպություն՝ իրականացնելով համահայկական երիտասարդական տարբեր ծրագրեր: