Շուշին ազատագրողների զավակները 24 տարի անց կրկնեցին իրենց հայրերի սխրանքը. Սերժ Սարգսյան
SocietyԱյդ օրվանից 24 տարի անց՝ անցյալ ամիս, արդեն Շուշին ազատագրած ազատամարտիկների զավակները կրկնեցին իրենց հայրերի սխրանքը: Այս մասին ասված է Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ:
Մեր ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմը դարձավ իսկապես Հայրենական մեծ պատերազմ: Բազում հայորդիներ կռվեցին իրենց հայրենիքի ազատության եւ լուսավոր ապագայի համար: Պայքարեցին բոլոր ճակատներում, մարտի դաշտում եւ թիկունքում: Այսօր մենք հարգանքի եւ երախտագիտության տուրք ենք մատուցում մեր հերոս նախնիների պայծառ հիշատակին, ովքեր հարյուր հազարներով ընկան չարիքի դեմ պայքարում: Նաեւ հարգանքի եւ երախտագիտության տուրք ենք մատուցում ավաղ արդեն փոքրաթիվ այն վետերաններին, ովքեր այսօր էլ մեր կողքին են:
Սա ոչ միայն ռազմական հաղթանակի, այլեւ խաղաղության տոն է: Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ միասին մենք շատ թանկ գին վճարեցինք այդ հաղթանակի համար` վաստակելով խաղաղություն: Այդ խաղաղությունը մեզ պատմական հնարավորություն տվեց որպես ազգ կրկին ոտքի կանգնելու տնտեսապես, մշակութապես եւ քաղաքականապես: Եվ մենք գիտենք այդ խաղաղության գինը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մայիսի 9-ը մեզ համար վերաիմաստավորվեց եւ վերարժեւորվեց 1992 թվականին Շուշիի ազատագրմամբ: Արցախի դարավոր մշակութային կենտրոնը, որ ավանդաբար լույս, կրթություն, գիտություն եւ արվեստ էր սփռել իր շուրջը, վերածվել էր շուրջբոլորը մահ ու ավեր սփռող հրեշավոր կրակակետի: Շուշիի ազատագրումը մեր կյանքի եւ մահվան հարցն էր, եւ մենք նույն մայիսի 9-ին կրկնեցինք մեր հայրերի ու պապերի սխրանքը՝ բեկելով պատերազմի ընթացքը:
Այդ օրվանից 24 տարի անց՝ անցյալ ամիս, արդեն Շուշին ազատագրած ազատամարտիկների զավակները կրկնեցին իրենց հայրերի սխրանքը: Եվ նրանք դա արեցին ոչ թե ֆիդայական ջոկատների, այլ արդեն կայացած կանոնավոր բանակի կազմում: Նրանք ապացուցեցին, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր նոր սերունդ պատրաստ է նորովի եւ ավելի վստահորեն պաշտպանելու իր անվտանգությունը, խաղաղությունը եւ իրավունքները:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղ երկինք եւ բարեբեր աշխատանք: