Ժողովրդին «37 թիվ» պետք չէ, այլ արդարություն է պետք
AnalysisՄոտ երկու տարի առաջ, երբ ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը, բոլոր գործարարներին կոչ արեց «կարմիր գիծ» գծել անցյալի և ապագայի միջև ու նորովի աշխատել: Հասարակությունը շունչը պահած անհամբեր սպասում էր, թե այդ «կարմիր գծի» գաղափարից հետո ինչ տեսանելի փոփոխություններ կլինեն, բայց տարիներն անցան, իսկ խոստացած փոփոխություններն այդպես էլ չիրականացան: Ավելին, գնալով ավելի լարվեց երկրի ֆինանսատնտեսական վիճակը, փորձ կատարվեց նույնիսկ բնակչությանը մատակարարվող հոսանքը թանկացնել, իբր թե համակարգում ստեղծված ճաքերը մասամբ փակելու համար: Սա արդեն վերջն էր, որից հետո պարզ դարձավ, որ «կարմիր գիծ» ասվածը կա´մ հերթական ֆարսն էր, կա´մ էլ այն «թայմ աութը», որն անհրաժեշտ էր նոր հեքիաթներ հորինելու և մարդկանց զայրույթը մեղմելու համար:
Այս ընթացքում մեկը մյուսի հետևից սկսեցին փակվել փոքր և միջին ձեռնարկությունները, որին, ի պատասխան կրկին, շարունակում էին հնչեցվել «հանգստացնող» պատասխաններ, որոնք, մեղմ ասած, ոչ միայն զայրույթ, այլև զարմանք էին հարուցում: Ո՞վ է տեսել այնպիսի երկիր, որտեղ ձեռնարկություններ գրեթե չլինեն, բայց տնտեսական աճ արձանագրվի կամ ո՞վ է տեսել այնպիսի երկիր, ուր թվերն ավելի ճոխ լինեն, քան իրականությունը: Մեր պաշտոնյաներն էլ, քանի որ ոչ մի տեղեկություն չունեն իրականության մասին, նկարված թվերից գոհ ու երջանիկ, «ձեռքբերումների» համար իրար են շնորհավորում, պարգևներ ստանում ու քահ-քահ ծիծաղում նույն այդ ժողովրդի վրա, ում կաշին քերթելով թվեր են նկարում:
Ինչ-ինչ, բայց ամենազավեշտալին այն է, որ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից տարիներ ի վեր թույլ տրված թերացումների ու յուրացումների մասին բարձրաձայն խոսելու և նրանց հրապարակավ պատժելու փոխարեն հայտարարվում է, որ մեր երկրում «37 թիվ» չի լինի: Իհարկե, պետք չէ, որ երկրում «37 թիվ» լինի, քանի որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա վտանգի ալիքը կհարվածի թույլերին ու անմեղներին, իսկ խոշոր շնաձկները կմնան «կարմիր գծից» այն կողմ: Այսքանից հետո մնում էր միայն, որ 25 տարի սեփական ժողովրդին ունեզրկելուց հետո դեռ մի բան էլ նրանց գլխին «դանոսով» գործ սարքեին ու բանտախցերը համալրեին:
Իհարկե, «37 թիվ» պետք չէ, ընդամենը պետք է բացել բոլոր փակագծերը, երկրից թալանվածը հետ բերել բյուջե ու երկիրը կառուցել: Երբեմնի թալանչիներն էլ թող ապրեն նույն այն հասարակության մեջ, ում երկար տարիներ թալանել են ու վերևից ծիծաղել նրանց վրա:
Ի դեպ, եթե ներկա սերունդն իր կերածը հետ չբերի, ապա դա կանեն այսօրվա այն երիտասարդները, ովքեր նույն այդ ապաշնորհ կառավարիչների օրոք ստիպված են եղել հաղթահարել դառը մանկության ցավալի պտուղներն ու գոյատևել սեփական երկրում: Ապրիլյան պատերազմը մեկ անգամ ևս ընդգծեց, որ իրականում երկիրը պահողը նույն այդ չքավոր ընտանիքի զավակն է, ումից պոկել-տարել են թե´ իր, թե´ իր ընտանիքի անհոգ կյանքն ու մանկությունը: Ու ինչքան էլ նրանց պարգևներ ու կոչումներ տրվեն, միևնույնն է, նրանք երբեք էլ չեն մոռանա, թե ում ջանքերի շնորհիվ են իրենց ընտանիքներն աղքատացել ու մի օր էլ հերթով թակելով բոլոր թալանչիների սերունդների դռները՝ հատուցում կպահանջեն:
Ա.Գրիգորյան