Արտեմ Ասատրյանը հայտնեց զոհվածների ընտանիքներին տրամադրվելիք միանվագ գումարի չափը
Society«Կամավորների կարգավիճակի առումով մենք այսօր օրենսդրական խնդիր ունենք, այդ բացը պետք է լրացնենք, որպեսզի կարողանանք ապահովել համապատասխանություն կամավորների ու զինծառայողների հետ: Որոշման նախագծերը շրջանառվել են, քննարկվել են պետական կառավարման մարմինների հետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Խոսելով հայրենիքի պաշտպանությունն իրականացնելիս զոհված կամավորների ու զինվորների ընտանիքներին տրվող միանվագ ֆինանսական աջակցության մասին՝ նախարարը նշեց, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս արագ խնդրին լուծում տալու ուղղությամբ:
«Գումարների չափը սահմանված է օրենսդրությամբ: Զոհվածների ընտանիքներին միանվագ ապահովագրական գումարը տրամադրվում է 2 մլն դրամի չափով: 1 միլիոն 400 հազար դրամի չափով գումար է տրամադրվում հուղարկավորության համար, 700 հազար դրամ՝ գերեզմանների բարեկարգման համար: Այս բոլոր գումարները միանվագ կերպով վճարվում են զոհվածների ընտանիքներին»,- ասաց նա՝ հավելելով, թե այս ամենից բացի, զոհվածների ընտանիքներին նշանակվում է կենսաթոշակ ամսական չափով, գումարի չափը պայմանավորված է նրանով, թե զինծառայողն արդյոք սպայակա՞ն կազմից է, թե՞ շարքային:
Արտեմ Ասատրյանը նաեւ հիշեցրեց, որ ՀՀ-ում գործում է պարգեւավճարների համակարգ, որը տարբերակված է երեխաների, ինչպես նաեւ ընտանիքի այլ անդամների համար: «Այս բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են, բոլոր ընտանիքներին գումար տրամադրելն ընթացքի մեջ է»: