Բացբերան ՀՀԿ-ական պատգամավորները ցանկանում էին ԶԼՄ-ներին հաճոյանա՞լ
InterviewԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անդրադառնալով երեկ ICIJ-ի կողմից հրապարակած պանամական այն փաստաթղթերին, որոնց մեջ Հայաստանից 3 տասնյակ մարդ է ներգրավված օֆշորային սխեմաներում, այդ թվում՝ նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, նշեց, որ տվյալ պարագայում շտապողականություն պետք չէ ցուցաբերել:
«Եթե նման անուններ կան, այդ բոլոր անունների շրջանակներում ուսումնասիրություններ կիրականացվեն: Այդտեղ անուններ շատ կարող են շոշափվել, համենայն դեպս, դրա հավաստիության մեջ կարող ենք համոզվել միայն ուսումնասիրությունների արդյունքում և հետո նոր ինֆորմացիա տալ»,- ասաց նա:
Անդրադառնալով նաեւ որոշ ՀՀԿ-ական բացբերան պատգամավորներին, որոնք ԶԼՄ-ներին են հայտնում փակ հանդիպումների ժամանակ բարձրաձայնվող ու քննարկվող մի շարք կարեւոր հարցեր, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Ես չեմ ուզում այդտեղ տարանջատում դնել, որովհետև հանդիպմանը ներկա են եղել և՛ ՀՀԿ-ական պատգամավորներ, տարբեր խմբակցությունների ղեկավարներ, հանձնաժողովի նախագահներ: Շատ ցավում եմ, որ ոչ միայն այնտեղի տեղեկությունն է դուրս հանվել, այլև պարզ ձայնագրություն են տվել, որն անթույլատրելի է: Ես կիսում եմ պաշտպանության նախարարի մտահոգությունը, որի մասին ես նաև խմբակցության նիստի ժամանակ եմ ասել»,- ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանը նշեց նաեւ, որ պատգամավորների նման մոտեցումը սխալ է. «Համենայն դեպս, երևույթը բավական սխալ է մանավանդ այն հարցին, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Դա արվել է ընդամենը մամուլի հետ հարաբերությունները բարձր պահելու և նրանց դուր գալու համար: Չեմ ուզում ավելի վատ բաներ ասել, որ հատուկ նպատակով այս ինֆորմացիան դուրս են հանել որ հասնի մեր թշնամիներին և այլն»: