Ընդդիմության դաշտի «խաղացողներից» ոչ մեկին դեռևս չի հաջողվել դուրս գալ կիսաեզրափակիչ փուլ
AnalysisԲՀԿ-ի «պայթյունից» հետո նախկին կուսակցականները սկսեցին իրենց սեփական հարթակները հիմնել: Սկզբում Տիգրան Որիխանյանը «Ալյանս» ցենտրիստական կուսակցությունը ստեղծեց, ապա Վարդան Օսկանյանը հայտարարեց «Համախմբում» անունով կուսակցություն ստեղծելու մասին: Այն, որ ԲՀԿ-ն փշուր-փշուր էր լինելու, պարզ էր հենց սկզբից, բայց որ այնտեղից դուրս եկողները սեփական կուսակցությունները կհիմնեին, մի քիչ վիճելի էր: Սակայն կյանքը ցույց տվեց, որ կուսակցական տոմս ունենալուն սովորած անձիք ընդամենը որոշել են անկուսակցական չմնալ և այդ հավակնությունը բավարարելու համար որոշել են իրենց սեփականը ստեղծել:
Ժամանակին նույնպես այլ կուսակցություններից որոշ քաղաքական գործիչներ «պոկվեցին» ու տարբեր անուններ և ուղղություններ ունեցող կուսակցություններ հիմնեցին, բայց այսօր դե ֆակտո թե´ նրանք, թե´ նրանց ղեկավարած կուսակցությունները չկան, իսկ եթե կան էլ, ապա լոկ միայն թղթի վրա: Թե ինչքան կյանք կունենան այս նորաստեղծ կուսակցությունները, ցույց կտա ժամանակը, բայց, դատելով պատմական անցյալից, կարելի է փաստել, որ առանց որևէ տեսանելի հետք թողնելու նրանք էլ նախորդների նման նախ` կսկսեն պտտվել սեփական առանցքի շուրջ, մեկ-երկու «թեժ» ելույթով կքննադատեն իշխանություններին ու շատ արագ կմարեն` համալրելով հայոց նորագույն կուսակցությունների պատմության տխուր էջերը:
Ի դեպ, նույն ճակատագիրն է սպասում նաև ԲՀԿ-ին, որը կարծես արագ տեմպերով շարունակում է գահավիժել: Ու ինչքան էլ ԲՀԿ-ի առաջնորդը փորձի այս ընթացքում բոցաշունչ ելույթներ ունենալ և այս կամ այն պաշտոնյայի կամ նախկին կուսակցի վրա անհիմն ցեխ շպրտելով փրկել սեփական կուսակցության «իմիջը», միևնույն է, ոչինչ էլ չի ստացվի, քանի որ ներկայիս ԲՀԿ-ն ստիպված է լինելու պայքարել մի քանի ուղղություններով, այդ թվում՝ նաև իր նախկին կուսակիցների դեմ, որն ավելի կթուլացնի կուսակցության թե՛ հեղինակությունը և թե՛ ուժերը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի և նրանից առաջացած կուսակցությունների կողմից «ընդդիմություն» խաղալուն, ապա այդ ջանքերն էլ այս պահին բավականին վտիտ են թվում ու անհեռանկար:
Այս պահին կարելի է արձանագրել, որ ինչպես ԲՀԿ-ն, այլպես էլ նրանից պոկված արբանյակները ոչնչով պետք չեն ո´չ հասարակությանը, ո´չ էլ իշխանությանը, և ապագա խորհրդարանում պատգամավորական մանդատ ունենալու շանսերը մոտ են զրոյականին:
Այն, որ հաջորդ խորհրդարանում ընդդիմադիր կուսակցություններ կլինեն, պարզ է, նույնիսկ որոշ «եթե»-ներով կարելի է կանխատեսել, թե կոկրետ որ կուսակցությունը, սակայն մեկ բան ակնհայտ է, որ ընդդիմադիրի «տիտղոսը» նվաճելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ ներկայում ընդդիմության դաշտի «խաղացողներից» ոչ մեկին դեռևս չի հաջողվել դուրս գալ կիսաեզրափակիչ փուլ:
Արմինե Գրիգորյան