Գազի ներքին սակագնի առաջարկվող նվազեցումն ավելին է, քան սահմանի իջեցումը
EconomicsԴեռեւս տարեսկզբին գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Հ.Աբրահամյանը հայտարարեց գազի ներմուծման սակագները նվազեցնելու նախաձեռնության մասին։ Դրան հաջորդող շրջանում ձեռնարկված քայլերը պայմաններ ստեղծեցին էներգակիրների ներքին սակագները վերանայելու համար։ Այլեւս պարզ է, որ հաջորդ սակագնային տարում սպառողներն ավելի քիչ կվճարեն ինչպես գազի, այնպես էլ էլեկտրաէներգիայի դիմաց։
Գազամատակարար ընկերության կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված գազի ներքին սակագնի առաջարկվող նվազեցումը կազմում է հազար խոր. մետրի համար 19,4 դոլար։ Այն ավելին է, քան սահմանի իջեցումը։ Ուստի այն դիտարկումները, որ չի պահպանվել համաչափությունը եւ ներքին նվազեցումն ավելի քիչ է սահմանի իջեցումից, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։
Ինչպես հայտնի է, ապրիլի 7-ին Երեւանում Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ ստորագրված փաստաթղթով Հայաստանին մատակարարվող գազի գինը 1000 խոր. մետրի դիմաց 165 դոլարի փոխարեն սահմանվեց 150 դոլար։ Այսինքն՝ նվազեց 15 դոլարով։
Այդ պայմաններում «Գազպրոմ Արմենիան» առաջարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մինչև 10 հազար խոր. մետր գազ սպառողների համար, որոնց մեջ մտնում են նաեւ բնակիչ-բաժանորդները, գործող սակագինը 156 հազար դրամից դարձնել 146,7 հազար դրամ։ Այլ կերպ ասած, 1000 խոր. մետրի համար նվազեցնել 9,3 հազար դրամով։ Այսօրվա գործող փոխարժեքով 9,3 հազար դրամը համարժեք է 19,4 դոլարի։
Նույնը նաև 10 հազար խոր. մետրից ավել գազ սպառողների դեպքում է։ Գործող 276,9 դոլարի փոխարեն առաջարկվում է սահմանել 257,5 դոլար սակագին։ Նվազեցումը կազմում է 19,4 դոլար։
Ակնհայտ է, որ ինչպես փոքր, այնպես էլ խոշոր սպառողների համար առաջարկվում է գազի սակագնի ավելի մեծ նվազեցում, քան սահմանի իջեցումն է։ Հիշեցնենք, որ սահմանին Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցվել է 15 դոլարով։
Այլ կերպ ասած, ներքին սակագների առաջարկվող փոփոխությունը 4,4 դոլարով ավելին է։ Մի բան, ինչը նշանակում է, որ դա արվել է ընկերության ներքին ծախսերի կրճատման արդյունքում։ Այլ հարց, որ դրանք գուցե թե դեռեւս նվազացնելու տեղ ունեն։
Ն.ՍԱՐԳՍՅԱՆ