Ադրբեջանը ցանկանում է Ռուսաստանից 5 մլրդ խմ գազ գնել
EconomicsԱդրբեջանը պատրաստ է Ռուսաստանից տարեկան 5 մլրդ խմ գազ գնել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թրենդ»-ը, այսօր Բաքվում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանիպետական նավթային ընկերությոն` SOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլլաեւը:
«Ադրբեջանի պետնավթաընկերությունը ռուսաստանյան «Գազպրոմ»-ին առաջարկություն է ուղարկել տարեկան 3-5 մլրդ խմ գազ գնելու մասին», -հայտնել է Աբդուլլաեւը:
Ըստ ԱՊԱ-ի` SOCAR-ի ղեկավարը մարտին հայտնել էր, որ ծրագրում են ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունից տարեկան 3 մլրդ խմ գազ գնել:
«Մեզ այդ գազը պետք է, որպեսզի այն ներմղենք նավթաշերտեր` նավթի կայուն արդյունահանումն ապահովելու համար: Բացի այդ, մեր գազապահեստարանների ծավալը կազմում է 5 մլրդ խմ, եւ մենք ուզում ենք ստուգել դրանց առավելագույն բեռնավորումը», -ասել էր նա:
SOCAR-ի ղեկավարը նաեւ հայտնել էր, որ միաժամանակ բանակցություններ են վարում նաեւ իրանական կողմի հետ:
«Խոսքը գազի կուտակման գործողությունների մասին է: Մենք ցանկանում ենք գազ կուտակել պահեստներում, իսկ ձմռանը մատակարարել Իրանի հյուսիսային շրջաններ», -ասել է նա:
Հիշեցնենք, որ ՌԴ նախկին վարչապետ, իսկ այժմ «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը, անդրադառնալով եվրոպական շուկայում ռուսաստանյան գազին Ադրբեջանի մրցակից դառնալու հարցին, Բաքվում հայտարարել էր. «Ի՞նչ է Ադրբեջանը: Նա այժմ մեզնից տարեկան 2 մլրդ խմ գազ է գնում: Մենք այդ մասին Բաքվի հետ մինչեւ 2025 թվականը պայմանագիր ունենք»:
Զուբկովը նաեւ հավելել էր, որ Ադրբեջանին չի փրկի նաեւ «Շահ Դենիզ» գազի հանքահորի գործարկումը Անդրաադրիատիկ գազատարով (TAP) Եվրոպա գազ հասցնելու համար:
«Դա դեռ պետք է լինի 2020 թվականին: Իսկ մինչ այդ, ինչպես ասում են, դեռ պետք է ապրել», -ասել էր նա: