ԻՏՁՄ-ն սահմանամերձ համայնքներում ՏՏ ընկերությունների ստեղծումը խթանող օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել
EconomicsՍահմանամերձ շրջաններում ՏՏ ընկերությունների ստեղծումը խթանելու համար ոլորտի ներկայացուցիչները արտոնություններ տրամադրելու նախագծով են հանդես եկել: Նախագիծը, որը ներկայում գտնվում է քննարկումների փուլում, փոփոխություններ է առաջարկում երկու օրենքներում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Ինֆորմացիոն ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Առաջին փոփոխությունը ենթադրվում է կատարել սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տրամադրող օրենքում, որպեսզի ծառայությունները ևս արտոնությունների ներքո լինեն: Երկրորդը ՏՏ նորաստեղծ ընկերություններին աջակցող օրենքում փոփոխությունն է, որով արտոնությունները կտարածվեն սահմանամերձ գոտում գործող ՏՏ ձեռնարկությունների վրա` անկախ նրանից, թե երբ են ստեղծվել: Լուրջ արտոնություններ ունենալու դեպքում շատ ընկերություններ իրենց գործառույթների մի մասը կտեղափոխեն դեպի այլ շրջաններ»,- ասաց Վարդանյանը:
Նա ներկայացրեց Միացյալ Նահանգների ու Եվրոպայի վիճակագրությունը, համաձայն որի, ՏՏ ոլորտում ստեղծված մեկ աշխատատեղը ստեղծում է 8-9 աշխատատեղ այլ ոլորտներում:
«Ենթադրում ենք, որ Հայաստանում երկու անգամ քիչ աշխատատեղ է ստեղծվում, բայց միևնույն է, դա էլ լուրջ ներդրում է: Եթե շրջաններում 3-4 աշխատատեղ ստեղծվի, այն կարող է ներգաղթի առիթ հանդիսանալ»,-ավելացրեց բանախոսը:
Կարեն Վարդանյանի խոսքով` շրջաններում աշխատատեղերի ստեղծումը կարևոր է նաև նոր ձևավորվող աշխատուժին աշխատանքով ապահովելու համար:
«Պետության հետ ունենք հուշագիր, որ մինչև 2019 թվականը Հայաստանի բոլոր դպրոցներում կարողանանք ստեղծել ինժեներական լաբորատորիաներ, ինչը կբերի նրան, որ մենք տարեկան 4-5 հազար լրացուցիչ աշխատուժ կունենանք: 2020-ին միայն շրջաններում 15 հազար աշխատող ենք ակնկալում ունենալ: Կարծում ենք, որ այդ հարկային արտոնությունների ստեղծման դեպքում այս հարցերը կլուծենք»,-եզրափակեց ԻՏՁՄ տնօրենը: