Նավթն էժանանում է ներդրողների կողմից եկամտի ֆիքսման ֆոնին
EconomicsՆավթի համաշխարհային գները մայիսի 12-ին նվազում են նախօրեին զգալի աճից հետո, քանի որ ներդրողները որոշել են ֆիքսել եկամուտը, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:
Հյուսիսծովյան Brent տեսակի նավթային խառնուրդի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 0.27 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 47.47 դոլարի: WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.26 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 46.11 դոլարի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նավթի գները նախօրեին սկսել էին աճել ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տվյալների հրապարակումից հետո, որոնք վկայում էին երկրում նավթի շաբաթվա պաշարների անսպասելի կրճատման մասին՝ 3.4 մլն բարելով, կամ 0.6 տոկոսով: Վերլուծաբանները ակնկալում էին ցուցանիշի աճ 0.714 մլն բարելով: Այս ֆոնին Brent տեսակի նավթի գինը մայիսի 2-ից սկսած առաջին անգամ բարձրացել է բարելի դիմաց 47 դոլարից էլ բարձր:
«Շատերը կարծում են, որ երեկվա թռիչքը չափազանց կտրուկ էր, դրա համար որոշել են այսօր առավոտյան վերցնել եկամուտը, քանի դեռ դա հնարավոր է»,- նավթի առեւտրականներից մեկը մեկնաբանել է իրավիճակը «Ռոյթերին»:
Բացի դրանից բացասական դինամիկային նպաստում է նաեւ կանադական արդյունահանման աստիճանական վերականգնումը: Մինչ այդ Կանադայում անտառային հրդեհների պատճառով նավթային ընկերությունների մի մասը կանգնեցրել էր իր աշխատանքը՝ իսկ նավթի ամենօրյա արդյունահանումը կրճատվել էր շուրջ 1.6 մլն բարելով: