Առողջապահական համակարգում առկա արատավոր երևույթների դեմ ինտենսիվ քայլեր են ձեռնարկվելու
SocietyՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը համաձայն է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմանը, որ ոլորտում կան արատավոր երևույթներ:
«Յուրաքանչյուր երկրի առողջապահական համակարգում կան արատավոր երևույթներ, և վարչապետի ասած արատավոր երևույթներն ակնառու են: Կարծում եմ, որ պետք չէ առանձնահատուկ նշել դրանք: Քիչ չափագրված դաշտում միշտ կոռուպցիոն ռիսկերը բարձր են: Կոռուպցիոն ռիսկերն առողջապահությունում ասելով՝ չի կարելի նույնականացնել բժիշկների հետ, առավել ևս կաշառակերության հետ: Ես համոզված ասում եմ, որ կոռուպցիոն ռիսկերը կապված են ցածր չափագրված դաշտի հետ, և մենք այսօր մեծ ինտենսիվությամբ փորձում ենք այդ բացթողումը լրացնել ու չափագրել դաշտը»,- ասաց նախարարը:
Հարցին՝ հնարավո՞ր է այդ արատավոր երևույթների համար որոշ պաշտոնյաներ ազատվեն աշխատանքից, Մուրադյանն ասաց, որ միան պատժելով որևէ հարց չի լուծվի, պետք է նորմատիվային դաշտն այնպիսի կարգավիճակ ունենա, որ նման երևույթներն ի սկզբանե բացառվեն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հայտարարել է, որ պատրաստվում են քննարկման առարկա դարձնել բազմապիսի հարցեր, որոնք վերաբերելու են թե՛ տնտեսության զարգացմանը, թե՛ առողջապահության և կրթական ոլորտների արատների դեմ պայքարին և թե՛ բազում այլ հարցեր: