Քենդալ Ջեները՝ ամաչկոտ լինելու եւ Ջասթին Բիբերին ու Բեյոնսեին երկրպագելու մասին
LifestyleNews.am-ը գրում է.
Ինչպիսի՜ բացահայտում...
Պարզվում է, բոլորի աչքի առաջ մեծացած Քենդալ Ջեները բնավորությամբ շատ ամաչկոտ է եւ երբեմն սեփական ամոթխածությունը բարկացնում է իրեն։ Այս մասին 20-ամյա Ջեները պատմել է Harper's Bazaar-ի համար ֆոտոշարքում նկարահանվելիս։ Չնայած Քենդալը մանկուց սովորել է լինել ուշադրության կենտրոնում եւ հայտնի մարդկանցով է շրջապատված, ինքն իրեն մարդամոտ չի համարում.

«Ես շատ բաց չեմ նոր մարդկանց հետ ծանոթանալիս։ Ունեմ իմ նեղ շրջապատը, ում ես վստահում եմ։ Շատ զգայուն եմ եւ միանգամից հասկանում եմ, որ դիմացինը վատ մտադրություններ ունի։ Երբեմն ես շատ ինքնամփոփ եմ դառնում, եւ դա բարկացնում է ինձ։ Բայց կարծում եմ, որ այդպես ճիշտ է »,- պատմել է երիտասարդ մոդելը։

Քենդալը նաեւ պատմել է իր եւ Ջասթին Բիբերի մտերիմ հարաբերությունների եւ Բեյոնսեին երկրպագելու մասին։

«Ջասթինը մեր ընտանիքի մտերիմ ընկերն է։ Եվ մենք բոլորով գնացել էինք նրա համերգին։ Քանյեն երկու օր անընդմեջ ներկա եղավ նրա ելույթներին եւ ամբողջ երեկոյի ընթացքում պարեց ու հիանալի ժամանակ անցակցրեց»,- նշել է Ջեները՝ ավելացնելով, որ իր կուռքն այնուամենայնիվ Բիբերը չէ, այլ ավագ քրոջ՝ Քիմ Քարդաշյանի «մրցակից» Բեյոնսեն.

«Ես Բեյոնսեի երկրպագուհին եմ։ Եթե տեսնեմ նրան, կուշաթափվեմ։ Իհարկե, նախկինում ես հանդիպել եմ նրան, բայց այնքան նյարդային ու լարված էի, որ պապանձվել էի»։