12 տարածաշրջանային պետական քոլեջները փորձնական հավատարմագրում կանցնեն
SocietyՄասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում 12 տարածաշրջանային պետական քոլեջների տնօրենների և որակի ապահովման պատասխանատուների հետ:
Ինչպես տեղեկացրին ՈԱԱԿ հասարակության հետ կապերի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են փորձնակա ն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի մանրամասները, պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա քայլերի վերաբերյալ:
Մինչ այս տարածաշրջանային պետական քոլեջների աշխատակիցները վերապատրաստվել են ՈԱԱԿ-ում, այնուհետև քոլեջներում ներդրվել է որակի ապահովման ներքին համակարգ: Այժմ տարածաշրջանային պետական քոլեջներն ինքնավերլուծություն են իրականացրել, որին կհաջորդի փորձագիտական խմբի այցը յուրաքանչյուր ուսումնական հաստատություն: Գործընթացի ավարտին փորձնական հավատարմագրում անցած քոլեջները, հիմնվելով փորձագիտական զեկույցում առկա խորհրդատվությունների վրա, կկազմեն փորձագետների կողմից մատնանշված թերությունների վերացման ծրագիր և կսկսեն իրագործել այն:
Քոլեջների փորձնական հավատարմագրման ընթացքում դիտարկումներ կիրականացվեն երկու չափանիշների ուղղությամբ` մասնագիտության կրթական ծրագրեր և դասախոսական կազմ:
Փորձնական հավատարմագրման արդյունքում քոլեջները կպատրաստվեն բուն հավատարմագրմանը, ինչպես նաև կձևավորվի փորձագիտական բազա միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար: