Բաղդադում թեժ բախումներ են սկսվել Իրաքի բանակի և ԻԼԻՊ-ի միջև
International newsՍեպտեմբերի 29-ի առավոտյան Իրաքի բանակի և ԻԼԻՊ-ի միջև թեժ մարտեր են սկսվել Բաղդադի մերձակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ԻԼԻՊ կազմակերպությանը հաջողվել էր 8 կմ-ով մոտենալ մայրաքաղաքին: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Բաղդադի շուրջ պաշտպանական ամուր համակարգ է ձևավորվել: Այժմ մայրաքաղաքի մոտ թեժ մարտեր են ընթանում, բանակը հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի ԻԼԻՊ-ին թույլ չտա գրավել մայրաքաղաքը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները օդային հարվածներ են հասցնում ԻԼԻՊ-ի' Բաղդադի մոտ գտնվող դիրքերին:
Իրաքյան ուժերը լայնածավալ գործողություններ են սկսել ԻԼԻՊ կազմակերպության դեմ Իրաքի Ֆալալուջա քաղաքի մերձակայքում գտնվող Օմարիա գյուղաքաղաքում: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հարձակումը ԻԼԻՊ-ի վրա սկսվել է սեպտեմբերի 28-ի առավոտից և շարունակվել է 5 ժամ: Ռազմական գործողություններին մասնակցել են ռազմական օդանավերը, որոնք ռմբակոծել են ահաբեկիչների դիրքերը: Արդյունքում' ԻԼԻՊ-ի 15 անդամներ են սպանվել:
ԱՄՆ-ը և դաշնակից երկրներն արդեն մի քանի օր է, ինչ օդային հարվածներն են հասցնում Իրաքում և Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումներին: ԱՄՆ-ն հայտարարել էր, որ աջակցություն է ստանում ավելի քան 50 երկրներից: