Մայիսի 15-ին Երեւանի կենտրոնում հնարավոր կլինի անվճար ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել
SocietyԱռողջապահության Նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի հետ համատեղ ՁԻԱՀ-ից մահացացածների հիշատակի միջազգային օրվա շրջանակներում մայիսի 15-ին 16:00-20:00 Հյուսիսային պողոտայում կազմակերպում է «Ներգրավել, կրթել, հզորացնել» խորագրով հանրային միջոցառում, որի ընթացքում անցորդ քաղաքացիները կարող են ԱՆԱՆՈՒՆ, ԱՆՎՃԱՐ եւ ԱՐԱԳ հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ եւ իմանալ իրենց կարգավիճակն ընդամենը 15-20 րոպեում:
Հետազոտության գաղտնիությունը երաշխավորվում է:
Միջոցառման նպատակն է հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարեւորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու քաջալերումը, նաեւ հետազոտության հետ կապված հասարակության մեջ առկա կարծրատիպերի փոփոխումը:
Անցորդներին հնարավորություն կտրվի անցնելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ ԱՆՎՃԱՐ, ԱՆԱՆՈՒՆ եւ ԱՐԱԳ հետազոտություն արագ թեստավորման մեթոդով եւ ընդամենը 15-20 րոպեի ընթացքում ստանալու հետազոտության պատասխանը: Բոլոր հետազոտվել ցանկացողներին կտրամադրվի խորհրդատվություն: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ու խորհրդատվությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները:
Նախատեսվում է նաեւ միջոցառման ընթացքում նշված տարածքում տեղադրել վահանակ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ համարվող կարմիր երիզի մեծ պատկերով, որի վրա անցորդներին եւ հետազոտություն անցած մարդկանց կառաջարկվի փակցնել կարմիր երիզներ, ինչը կխորհրդանշի համաճարակի դեմ պայքարին միանալը: Անցորդներին կբաժանվեն մոմեր, որոնց վրա ամրացված կլինեն ուղերձներ: