Կառավարման անարդյունավետության «ինչուների» պատասխանների ակնկալիքով
AnalysisԱյսպիսով, կառավարությունը հայտարարում է ծախսերի կրճատման եւ ռեսուրսների արդյունավետ կիրառման անցնելու մասին: Դատելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթից, նման քայլերին անցնելու մասին մի քանի ամիս առաջ հայտարարել էր երկրի նախագահը, բայց այդ գործընթացը սկսելը թերեւս ավելի շատ պայմանավորված էր ապրիլին ռազմական գործողությունների աննախադեպ թեժացմամբ:
Առաջին քայլը, ըստ վարչապետի, անցումն է խնայողության առավել խիստ ռեժիմի եւ առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ ձեւավորելը: Հովիկ Աբրահամյանը շեշտեց հենց այն ծախսերը կրճատելու անհրաժեշտության մասին, որոնք բազմիցս հիշատակվել են որպես ավելորդ վատնումներ, շռայլություն կամ լավագույն դեպքում՝ անտնտեսվարություն: Դրանք են՝ պետական պաշտոնյաների, հատկապես բարձրաստիճան, գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները և այլն:
Ինչո՞ւ պետք է վարչության պետը գործուղման մեկնի ինքնաթիռի բիզնես դասով, ինչո՞ւ տեսանելի չեն գործողումների արդյունավետությունը, ինչո՞ւ ծառայողական մեքենաների համար օրական նախատեսված է անհասկանալի մեծ ծավալի՝ 12 լիտր բենզին, ինչո՞ւ ընդհանրապես այդ մեքենաները ավելի խնայողական՝ գազով աշխատելուն չեն անցնում եւ ինչո՞ւ են դրանք այդքան շատ եւ բազմաթիվ այլ ինչուներ:
Ակնկալվում է, որ ֆինանսների նախարարությունը և կառավարության աշխատակազմը մինչև կառավարության հաջորդ նիստը վարչապետի հանձնարարականով առաջարկներ կներկայացնեն այս ամենի մասին: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ այս ոլորտում հնարավոր են լուրջ խնայողություններ եւ դրա շնորհիվ միջոցների վերաուղղում ավելի հրատապ՝ երկրի պաշպանունակության, սոցիալական, օպերատիվ լուծման կարիք ունեցող եւ այլ խնդիրներին: Երկրորդ քայլով կառավարությունը ձգտելու է պետական կառավարման ապարատը դարձնել «ավելի կոմպակտ»:
Հիշեցնենք, որ սա այն հարցն է, որին անդրադարձել են Հայաստանի Հանրապետության վարչապետներին մեծ մասը, բայց դրանք մնացել են որպես բարի ցանկություններ:
Այս անգամ օպտիմալացման նպատակով վերլուծություն պետք է ներկայացվի մինչև 2017 թվականի բյուջետային քննարկումները: Մինչ այդ Հովիկ Աբրահամյանը մատնանշեց, թե որտեղ պետք է լինեն կրճատումները՝ նախարարությունների աշխատակազմեր, տարբեր ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր, առընթեր մարմիններ, առանձնացված ստորաբաժանումներ: Ըստ վարչապետի, այս քայլերի արդյունքում կարող է առաջանալ որոշակի սոցիալական լարվածություն՝ պայմանավորված պետական համակարգում աշխատատեղերի կրճատմամբ, ինչին իշխանություները մինչ այժմ չէին գնում, «բայց այսօր Արցախի և Մայր Հայրենիքի առջև ծառացած անվտանգության խնդիրներն այլ են:
Ստեղծված իրավիճակն, իսկապես, ոչ ստանդարտ է, և մենք չպետք է խուսափենք ոչ ստանդարտ քայլեր կատարելուց ու որոշումներ կայացնելուց»: Կառավարությունը մտադիր է այս քայլերը զուգակցել կոռուպցիայի դեմ պայքարով: Ըստ Հովիկ Աբրահամյանի, եթե այս առումով ցուցանիշների բարելավում չնկատվի, ապա կադրային փոփոխություններ կլինեն:
Համենայնդեպս, կոռուպցիայի դրսեւորումներից մեկի՝ շահերի բախման երեույթի առնչությամբ նրա մոտեցումը կոնկրետ էր. «Համարում եմ, որ մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին և պետական միջոցներով իրականացվող ծրագրերին»:
Բոլոր լուծումներն արդյունավետությունը կառավարությունը պայմանավորում է կայուն և երկարատև տնտեսական աճով: Դրան խանգարող գործոններից ուսումնասիրվելու է մենաշնորհների ազդեցությունը եւ համապատասխան լուծումներ առաջարկվելու: Թե ի՞նչ գործնական հետեւանքներ կունենան առայժմ հայտարարութւյունների մակարդակով նախատեսվող քայլերը, երեւի թե կերեւա արդեն այս տարվա ընթացքում, քանի որ հանձնարարականների կատարման համար սեղմ ժամկետներ են սահմանվել: