Ինչպես հայերը կառուցեցին ներկայիս Ստամբուլը (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Բալյանները օսմանյան ճարտարապետների հայկական ընտանիքի անվանի ներկայացուցիչներն են։ Նրանք անուրանալի ազդեցություն են ունեցել ժամանակակից Ստամբուլի ճարտարապետության վրա՝ կես դար շարունակ հին քաղաքում կառուցելով ամրոցներ,առանձնատներ, եկեղեցիներ, մզկիթներ եւ այլ տարբեր շինություններ։
Բոսֆորի եվրոպական կողմում, ստամբուլյան սահմանին գտնվող Բեշիկթաշ եւ Կաբաթաշ թաղամասերում, տեղակայված է Թուրքիայի Դոլմաբահչե ամրոցը։
Դոլմաբահչեն կառուցվել է հատուկ Աբդուլ Մեջիդա I-ի համար, ով ցանկանում էր ունենալ բարոկկո ոճի ամրոց միջնադարյան եվրոպացի կայսրերի օրինակով։
Ամրոցի կառուցման համար ծախսվել է շուրջ 14 տոննա ոսկի, իսկ այն կառուցել է ճարտարապետ Կարապետ Բալյանը։
Պետք է նկատել, որ Բալյանների տոհմի անվան հետ է կապվում ոչ միայն Ստամբուլի «Դոլմաբախչեն»։ Տոհմի հինգ սերնդի բազմաթիվ ներկայացուցիչներ XVIII եւ XIX դարերում եղել են Օսմանյան կայսրության ամրոցների ճարտարապետներ։ Բալյաններն իրենց կրթությունը ստացել են Եվրոպայում եւ երբ կայսրությունում նորաձեւ էր եվրոպական ճարտարապետությունը, հենց նրանք դարձան ամենափայլուն եւ հայտնի ճարտարապետները։
Դինաստիայի հիմնադիրը ոմն Բալի է Բելեն գյուղից։ Նա Ստամբուլ է տեղափոխվել, որտեղ էլ հասել է ճարտարապետության ոլորտում հաջողության։ Նրա մահվանից հետո, 1725 թ. իր տեղը զբաղեցնում է որդին՝ Մարգարը, իսկ նրան փոխարինում են որդիները՝ Գրիգորն ու Սենեքերիմը։
Չորս սուլթաններին ծառայելով որպես ամրոցների ճարտարապետներ, Գրիգորն ու Սենեքերիմն իրենցից հետո քաղաքին, որն այն ժամանակ կոչվում էր Կոնստանդնուպոլիս, հարուստ ժառանգություն են թողել։ Հենց եղբայրներն են կառուցել Բայազեթի հրդեհային կայանը, Բեշիկթաշ ամրոցը, Արնավուտկյոյ Վալիդե սուլթանի ամրոցը, ինչպես նաեւ Օրթակեյ թաղամասում տեղակայված Աստվածածնի Հայկական եկեղեցին։
Իսկ Դոլմաբահչեն կառուցողը՝ Կարապետը, Գրիգորի որդին էր։ Կարապետ Բալյանը բազմաթիվ այլ ճարտարապետական հուշարձաններ է կառուցել, այդ թվում՝ Չիրահանի դղյակը, որն այժմ որպես հինգաստղանի հյուրանոց է ծառայում «Kempinski» ցանցում, Օրտակեի մզկիթը, որի կառուցման աշխատանքներում մասնակցել է նաև Նիկողոս Բալյանը, ինչպես նաև հայկական Սուրբ Նշան, Սուրբ Երրորդության, Աստվածածնի եկեղեցիները Բեշիքթաշի, Կումպկապայի և Կուրուչեշմե և այլ շրջաններում։
Չիրիգան ամրոցը
Ինչ վերաբերում է Դոլմաբահչեին, ապա այն ծառայել է որպես Օսմանյան կայսրերի պալատ, իսկ միապետության անկումից հետո այնտեղ հաստատվեց Աթաթուրքը (Մուստաֆա Քեմալը), ով այդտեղ էլ մահացավ։ Մինչև 2007թ․-ը պալատը ծառայում էր որպես թանգարան, որից հետո թուրքական իշխանությունները վերադարձրեցին դրան իր քաղաքական գործառույթը՝ Դոլմաբահչեն դարձնելով Ստամբուլում վարչապետի պաշտոնական նստավայրը։
Կայսերական ճարտարապետ Բալյանների վերջին սերնդին էին պատկանում Սարգիսն (1831-1899) ու Հակոբը (1837-1875)՝ Կարապետի որդիները։ Նրանց աշխատանքներից են Բեյլերբեյ դղյակը, Պերտևնիալ Վալիդե մզկիթը և Կասիմփաշի ռազմածովային նախարարության շենքը։




