Առաջիկա 10 տարում լեյկեմիան կլինի բուժելի. բժշկագիտության պրոֆեսոր Հագոփ Քանթարջյան
SocietyԱյսօր՝ մայիսի 18-ին, Երեւանի պետական բժշկական համալսարանում անցկացվում է «Հաղթահարենք Հայաստանում քաղցկեղը ժպիտով» խորագրով միջազգային համաժողով, որին մասնակցում են աշխարհահռչակ բժիշկներ ու պրոֆեսորներ: Տեխասի համալսարանի ՄԴ Անդերսոն քաղցկեղի կենտրոնի փոխնախագահ, նեյրոուռուցքաբանության պրոֆեսոր, գլխուղեղի քաղցկեղի հետազոտական ինստիտուտի տնօրեն Օլիվեր Բոգլերը, ներկայացնելով իրենց կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքներն ու դրանց արդյունավետությունը, նշեց, որ տարեկան կտրվածքով իրենց է դիմում 30-35 հազար հիվանդ, սակայն իրենց բժիշկների հսկողության տակ է գտնվում ու բուժում ստանում մոտ 140 հազար քաղցկեղով տառապող մարդ: Անդրադառնալով Տեխասի Համալսարանի ՄԴ Անդերսոն քաղցկեղի կենտրոնի ձեռքբերումներին՝ փոխնախագահն ասաց, որ կենտրոնի հաջողության գրավականը թիմային աշխատանքն է:

«Մեր կենտրոնում աշխատում են 21 հազար մարդիկ, որոնց հիմնական նպատակն է օգնել մարդկանց ու հասնել դրական արդյունքների, որի համար մասնագետների կողմից իրականացվում են նախ՝ հետազոտություններ, կլինիկական փորձարկումներ, որից հետո գործի են դրվում կանխարգելման ու բուժման հնարավոր բոլոր միջոցները»,- ասաց նա:


Իր խոսքում Օլիվեր Բոգլերը մեծ նշանակություն տվեց համագործակցությանը տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Իսկ Տեխասի համալսարանի ՄԴ Անդերսոն քաղցկեղի կենտրոնի Լեյկեմիաների ամբիոնի վարիչ, բժշկագիտության պրոֆեսոր Հագոփ Քանթարջյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, ըստ որոնց, բավական կարճ ժամանակում բժիշկների համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ մեծացել են լեյկեմիայի կանխարգելման ու բուժման արդյունքները: «Ես վստահաբար կարող եմ ասել, որ առաջիկա 10 տարում լեյկիմիան կլինի բուժելի: Խոսելով բուժելի ու խրոնիկ լեյկեմիայի մասին՝ կարող ենք ասել, որ գործի գիտակների տքնաջան աշխատանքի շնորհիվ այսօր արդեն գրանցվում է կանխարգելման ու բուժման բարձր ցուցանիշներ: Մարդկանց կյանքերը փրկելու համար օգտագործվում են անգամ վերջին արտադրության ամենաթանկ դեղամիջոցները»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան