Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած միջադեպի հետքերով. հյուպատոսը Լվով է մեկնել
SocietyNEWS.am-ը գրում է.
Մայիսի 16-ին Ուկրաինայի Լվով քաղաքում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած միջադեպը Ուկրաինայում ՀՀ դեսպանության ուշադրության կենտրոնում է գտնվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
«Հյուպատոսն արդեն Լվովում է, մեր ուշադրության կենտրոնում գտնվում են երկու միջադեպերն էլ: Հայաստանի ու Ադրբեջանի մարզիկների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ ես համապատասխան նոտաներ եմ ուղարկել Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությանը եւ համապատասխան կառույցներին` պահանջելով, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Ինչ վերաբերում է մայիսի 16-ին տեղի ունեցած միջադեպին, ապա ես իրավապահների հետ կապի մեջ եմ, համապատասխան մարմինների հետ զրուցել եմ, որ անվտանգության միջոցառումները խստացվեն»,- ասաց Անդրանիկ Մանուկյանը:
Դեսպանի խոսքով՝ իրենք ամեն ինչ անում են, որ խնդիրը չխորանա:
Լվովի հայկական համայնքից էլ NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ միջադեպի մանրամասները ճշտվում են:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն անցկացվող Կունգ-ֆուի Եվրոպայի առաջնության ժամանակ զանգվածային բախում է տեղի ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ:
Արցախցի Դավիթ Պետրոսյանի մեծ առավելությամբ անցած մենամարտի վերջնամասում Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել հայ մարզիկին, որի վրա թիկունքից հարձակվել է նաեւ ռինգում գտնվող նրա ադրբեջանցի մրցակիցը: Դրանից հետո ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվել են Հայաստանի հավաքականի անդամների վրա:
Նշենք, որ հարձակման ենթարկված արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի 5 տանկ եւ 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի եղբայրն է:
Մայիսի 16-ին, ըստ լրատվամիջոցների, հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի է ունեցել բախում: