Առաջիկայում հստակ ժամկետներ կնշվեն ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման վերաբերյալ
EconomicsՀայաստանի ու ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ աշխատանքները շարունակվում են արդյունավետ կերպով:
Այս մասին մայիսի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Հայաստանի կողմից Էկոնոմիկայի նախարարությունն ու, մասավորապես, նախարարի առաջին տեղակալն է իրականացնում այդ աշխատանքները: Վերջին զեկույցի համաձայն` աշխատանքները արդյունավետ կերպով առաջ են գնում ոչ միայն առևտրի համաձայնագրի շրջանակներում, այլև GSP համակարգն առավել արդյունավետ գործարկելու և իրականացնելու ուղղությամբ: Առաջիկայում ավելի հստակ կունենանք ժամկետներ, թե երբ այդ համաձայնագրի նախագիծը կարող է շրջանառվել ու մտնել վավերացման»,-նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան նոր ներդրումներին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ նմանատիպ ցանկություններ կան օտարազգի գործարարների կողմից, սակայն չցանկացավ դեռևս հստակ ծրագրերի մասին բարձրաձայնել:
«Կան որոշակի նախնական ցանկություններ, սակայն թույլ տվեք չհրապարակել դրանք, որպեսզի ներդրողի որոշումների վրա չազդենք, մյուս կողմից էլ` հնարավորություն տանք առավել հանգիստ ու ողջախոհ պայմաններում կատարեն իրենց վերլուծությունները»,-ավելացրեց նախարար Մինասյանը:
Ոլորտները, որտեղ հավանական են ամերիկյան ներդ րումները, արդյունաբերությունն են, զբոսաշրջությունը և հատկապես հյուրանոցային բիզնեսի ճյուղը, նաև գյուղատնտեսությունը:
Նախարարը նաև շեշետեց ներդրումային ծրագրերի կյանքի կոչման համար նոր գործիքներ առաջարկելու անհրաժեշտությունը, ինչը ենթադրում է ներդրումային քաղաքականության վերանայում, ինչպես նաև անհատական ներդրումների համար առանձին օրենքների ընդունման մեխանիզմների ստեղծում: