Զինծառայող Հովհաննես Պողոսյանին արտերկիր տեղափոխելն անհնար է, սակայն ծնողները հակառակն են ցանկանում
SocietyԱպրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներից Հովհաննես Պողոսյանին արտերկիր տեղափոխելն այս պահին անհնար է և վտանգավոր: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույց ում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Երեկ երեկոյան ևս ծնողների հետ քննարկել ենք տեղափոխման խնդիրները: Ես նորից պնդել եմ, որ այս պահին տեղափոխումն անհնար է և վտանգավոր, առավել ևս իրականացված վիրահատությունից հետո վրա հասած բարդությունների պարագայում: Սակայն նրանք շատ հստակ են իրենց որոշման մեջ, կարծում եմ, մենք պետք է ուղղակի իրենց օժանդակենք, փորձենք աջակցել նրանց իրենց ընտրած հիվանդանոցին մեթոդաբանական, թղթաբանական, լոգիստիկ տվյալների տրամադրման հարցում, և իհարկե, բարարների հետ աշխատանքներում: Նորից խոսել եմ վարչապետի հետ, և մենք պատրաստակամ ենք ու մեր բարոյական պարտքն ենք համարում մշտապես լինել մեր տղաների կողքին»,- ասաց Մուրադյանը:
Հովհաննես Պողոսյանը ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Նրան միացված է արհեստական շնչառության սարք։ Վիրավորի մոտ առկա է ուղեղային կոմա։