ՀՀ ՏԿԶ նախարարությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Հայ պետական ծառայողների միություն» ՀԿ-ն փոխըմբռնման հուշագիր են կնքել
SocietyՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության միջև մայիսի 19-ին ստորագրվել է փոխըմբռնման եռակողմ հուշագիր:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպանԱրգո Ավակովը և «Հայ պետական ծառայողների միություն» ՀԿ-ի նախագահ Վաչե Քալաշյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հուշագրի նպատակն է նպաստել համայնքային ծառայողների հակակոռուպցիոն ընկալման ձևավորմանը, կոռուպցիայի և կոռուպցիոն ռիսկերի մասին իրազեկմանը` «Ամբողջականության (Integrity) հիմունքները տեղական ինքնակառավարման համակարգում» վերապատրաստման ծրագրի պարբերական իրականացման միջոցով, համայնքային ծառայողների մոտ գործնական հմտությունների խորացմանը, կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրե նսդրության թերությունների և բացերի վերհանմանը, ինչպես նաև աջակցել համայնքային ծառայողների կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների, մասնավորապես՝ համայնքային ծառայողների և քաղաքացիների միջև ծագած փոխհարաբերությունների որակի բարձրացմանը:
Դավիթ Լոքյանն իր ողջույնի խոսքում վստահություն է հայտնել, որ կողմերի սերտ համագործակցությամբ հուշագրի հոդվածներով սահմանված բոլոր գործողությունները իրականություն կդառնան, ինչով կապահովվի նաև ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններում համայնքային ծառայության ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխման գործընթացի շարունակական բնույթը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը հույս է հայտնել, որ համատեղ նախաձեռնությունը կնպաստի կառավարության ջանքերին՝ Հայաստանում իրականացնելու հակակոռուպցիոն ռազմավարությունը և խթանելու արդյունավետ և հաշվետու կառավարում:
Կողմերը, շնորհավորելով միմյանց հուշագրի ստորագրման կապակցությամբ, փոխգործակցությանը մաղթել են հաջող ընթացք: