Փոքր ՀԷԿ-ի պաշտոնյաները կիբեռհանցագործության միջոցով 95 մլն դրամով ավելացրել են ՀԷՑ-ին էլեկտրաէներգիայի վաճառքի տվյալը
SocietyՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2012 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ին պատկանող «Սիրարփի» ՓՀԷԿ-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ առաքված էլեկտրաէներգիայի իրական ծավալը ներկայացվել է շատ ավելին։
Նախնական քննությամբ պարզվել է, որ «Սիրարփի» ՓՀԷԿ-ը 2011 թվականի հունիսին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ կնքել է էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր։ Նշված ՓՀԷԿ-ը կառուցվել է «Սիրարփի ԱՀ» ՍՊ ընկերության կողմից, որի տնօրենը հանդիսացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Ա.Գաբրիելյանի կինը։
2012 թվականի օգոստոսի 18-ին «Սիրարփի» ՓՀԷԿ-ի հաշվիչը փոխարինվել է նորով, որը հնարավորություն է տվել իրականացնել հեռահար միջամտություն: Արդյունքում՝ 2012 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Սիրարփի» ՓՀԷԿ-ի հաշվիչի նկատմամբ հեռահար եղանակով տեխնիկական միջոցների և համակարգչային ծրագրերի գործադրմամբ իրականացվել է կողմնակի միջամտություն՝ փոփոխելով հոսանքի և լարման տրանսֆորմատորների տրանսֆորմացիաների գործակիցները, որի արդյունքում «Սիրարփի» ՓՀԷԿ-ից «Հայաստանի էլեկտրական ցան ցեր» ՓԲԸ առաքված էլեկտրաէներգիայի ծավալը իրականից ավելի է ներկայացվել:
Կատարված բազմածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ գործակիցների հեռահար փոփոխությանն անմիջական մասնակցություն է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման բաժնի նախկին պետ Ռուդիկ Պիվազյանը՝ նախնական համաձայնության գալով ՓԲԸ-ի՝ տնօրենի իրացման գծով տեղակալ Արսեն Գաբրիելյանի հետ, ում անմիջական ենթակայության տակ է գործել Ռ.Պիվազյանը։
Քննության տվյալներով՝ կողմնակի միջամտության արդյունքում իրականից ավելի ներկայացված էլեկտրաեներգիայի ծավալը կազմել է 3.810.188 կՎտ./ժ, որի արժեքը կազմում է 95.694.000 ՀՀ դրամ, ինչը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վճարվել է «Սիրարփի ԱՀ» ՍՊ ընկերությանը և խարդախությամբ հափշտակվել։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արսեն Գաբրիելյանին և Ռուդիկ Պիվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: