Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան Երևանի Անգլիական այգում նշել է Կենսաբազմազանության միջազգային օրը
SocietyԱմբողջ աշխարհում մայիսի 22-ին նշվող Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն (ԵԿԱ) կազմակերպել էր «Տարվա կենսաբազմազանությունը 2016» հանրային արշավը, որի ամփոփիչ միջոցառումը տեղի ունեցավ Երևանի Անգլիական այգում:
Ինչպես տեղեկացրին ԵԿԱ-ից, միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր ցուցահանդես, որի ընթացքում տեղեկատվական վահանակների միջոցով ներկայացվել են հանրային քվեարկությանը մասնակցող տեսակները: Հաղորդագրության մեջ նաև նշվում է. «Ամփոփելով հանրային քվեարկության արդյունքները, նշենք, որ տարվա բույս է ճանաչվել Նշենի նաիրյանը (Prunus dulcis), կենդանի՝ Սև ապոլոն թիթեռը (Parnassius mnemosyne), քարաքոս՝ Ռիզոկարպոն աշխարհագրականը (Rhizocarpon geographicum), սունկ՝ Ականջասունկ տափաստանայինը (Pleorotus eringii):
Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեցին նաև լուսանկարչական մրցույթի մասնակիցների (կենդանու, բույսի, քարաքոսի և սնկի) լուսանկարները և քվեարկության միջոցով ընտրվեցին երեք լավագույն լուսանկարները: Հաղթողները պարգևատրվեցին մրցանակներով: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նաև պրոֆեսիոնալ լուսանկարիչների աշխատանքները, որոնք վերաբերվում էին ՀՀ կենսաբազմազանությանը:
«Տարվա կենսաբազմազանությունը 2016» հանրային արշավի ընթացքում կազմակերպվել էին նաև Հայաստանի կենսաբազմազանության վերաբերյալ սեմինար-քննարկումներ Երևանի «Օհանյան», «Մխիթար Սեբաստացի» և «Փոքրիկ իշխան» կրթահամալիրներում:
ՄԱԿ-ի որոշմամբ՝ ամեն տարի մայիսի 22-ը նշվում է որպես Կենսաբազմամզանության միջազգային օր, որի նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել կենսաբազմազանության խնդրիների վրա: Այս օրվա կապակցությամբ աշխարհի բազմաթիվ երկրներում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ:
«Տարվա կենսաբազմազանություն 2016» արշավը իրականացնում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, ՄԱԿ-ի կողմից հայտարարված կենսաբազմազանության տասնամյակի 2011-2020 շրջանակում, «Ռաֆֆորդ» հիմնադրամի աջակցությամբ: