«Yere1» և «Արի պայմանավորվենք» նախագծերի ավարտվելու, նոր նախագծի մանրամասների ու ժանրային տարբերության մասին Orer.am-ը զրուցեց «Ֆուլ հաուս» սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի հետ: -Ինչո՞ւ այլևս եթերում չէ «Երե1» նախագիծը: -Եթերաշրջանն ավարտվեց միայն այն պատճառով, որ մենք արդեն ստեղծագործական առումով մի փոքր սպառվել էին և մտածեցինք, որ մի փոքր` մոտ մեկ տարի պետք է հանգստանալ, և հետագայում հումորային նախագիծը մատուցել նորովի: Քանի որ «Yere1»-ն արդեն յոթ տարի է եթերում էր, ապա այս դադարը կլինի հօգուտ նախագծի: -Նույն էր նաև «Արի պայմանավորվենք» նախագծի՞ դեպքում:-«Արի պայմանավորվենք»-ի եթեր չհեռարձակվելը կապված է ինձ հետ, իմ զբաղվածության պատճառով է, և ուղղակի չեմ հասցնում նկարահանվել: -Մտավախություն չկա՞, որ նման հաջողված նախագծերից հետո նոր նախագիծը նույն հաջողությունը կարող է չգրանցել: -Ոչ, իրենք բացառապես տարբեր հաղորդումներ են և համեմատելը ճիշտ չէ:-Ո՞րն է «Ֆուլ հաուս»ի և «Yere1»-ի տարբերությունը:
- «Ֆուլ հաուս»-ը «Yere1»-ի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի: Սխալ է համեմատել այդ նախագծերը: Նախ՝ առաջին անգամ է այսպիսի ստեղծագործական խումբ աշխատում իրար հետ: Երկրորդ` «Ֆուլ հաուս»-ը ժամանցային սիթքոմ է, «Yere1»-ը հումորային ծրագիր էր:
-Ովքե՞ր են ընդգրկված ստեղծագործական խմբում:
-Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են` Միհրան Ծառուկյան, Անի Երանյան, Արփինե Գաբրիելյան, Մարիամ Մելիքյան, Գրիգոր Դանիելյան, Մարջան Ավետիսյան և ուրիշներ: Արդեն անոնսը կա` հոկտեմբերի 4-ից սկսած ամեն շաբաթ և կիրակի օրերին, ժամը 21:30-ին «Ֆուլ հաուս»-ը լինելու է եթերում: