ՀՀ դեսպանը եգիպտացի նախարարի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաներում համագործակցության հեռանկարները
SocietyԵգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը մայիսի 22-ին հանդիպել է Եգիպտոսի հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Յասեր Ալ-Կադիի հետ և ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժը և վերջին տարիների ընթացքում արձանագրած նշանակալից ձեռքբերումները՝ ընդգծելով, որ այդ ուղղության զարգացումը գտնվում է ՀՀ կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի ներդրումային ոլորտում իրականացված բարեփոխումներին և հնարավորություններին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարար Ալ-Կադին իր հերթին խոսել է բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված Եգիպտոսի առաջնահերթ ծրագրերի մասին, պատրաստակամություն հայտնել համատեղ ուսումնասիրելու այդ ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները։
Այդ առումով երկուստեք կարևորվել են մասնագիտացված ընկերությունների և գործարար շրջանակների ուղղակի շփումներն ու փոխայցելությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան ձևաչափերի ստեղծմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներ կազմակերպելու առնչությամբ։