Արարատի մարզի 1665 շրջանավարտների համար կհնչի վերջին զանգը
SocietyԱրարատի մարզի ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող 5 ավագ եւ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող 107 դպրոցներում այս տարի շրջանավարտների թիվը 1665 է: Այս տարի իններորդ դասարանը կավարտի 2477, իսկ առաջին դասարանը` 3766 աշակերտ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի վարիչ Ալբերտ Մկրտչյանն ասաց, որ մարզում «Վերջին դասը» հայտարարված է մայիսի 27-ին: Վարչության կողմից բոլոր դպրոցներին նախօրոք ուղարկվել են շրջաբերականներ` դրամահավաքը բացառելու նպատակով: Իսկ դպրոցներին հրահանգված է զերծ մնալ ավելորդ ճոխություններից եւ սահմանափակվել միայն համեստ հանդիսություններով` «Վերջին դասի» սկզբունքով: «Մարզի բոլոր համայնքների դպր ոցների շրջակայքում եւ բանուկ տարածքներում ուժեղացված կարգով ժամը 08:00-ից իրենց պարեկային ծառայությունը կկատարեն ճանապարհային ոստիկանները, որոնք նշյալ տարածքներում կլինեն մինչ ուշ երեկո»,-ընդգծեց նա: Աշակերտներն այդ օրը կլինեն նաեւ մարզի եկեղեցիներում` օրհնության կարգ սպանալու նպատակով:
«Վերջին դասի» միջոցառումներից հետո կմեկնարկեն ամառային արձակուրդները: «Այս օրերին դպրոցներում նախապատրաստական աշխատանքներ են տարվում` ավարտական քննություններն ըստ պատշաճի կազմակերպելու համար: Քննությունները անց կկացվեն հունիսին: Միասնական քննությունները կընթանան Արտաշատի թիվ 1 եւ թիվ 4 դպրոցներում»:
Արարատի մարզի 112 դպրոցներում սովորում է 32 495 աշակերտ:
Լիլիթ Մաճկալյան