Բաքվում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր ակտիվիստը
SocietyԱդրբեջանի NIDA երիտասարդական շարժման ակտվիստ Անար Աբդուլլաեւը ձերբակալվել եւ տարվել է Բաքվի Նարիմանովի շրջանի ոստիկանական բաժանմունք:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը, հայտնել է իրավաբան Նիջաթ Մամեդբեյլին:
Ակտիվիստի փաստաբան Շահլա Հումբաթովանլրագրողներին ասել է, որ ներկայում ինքը գտնվում է ոստիկանական բաժանմունքում, եւ չնայած նրան պաշտպանելու վկայագիր ունի, սակայն, իրեն թույլ չեն տալիս գնալ Անար Աբդուլլաեւի մոտ:
Ոստիկանությունը չի հայտնել ակտվիստին ձերբակալելու պատճառը:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Անար Աբդուլլաեւը NIDA-ի թվով երրորդ ձերբակալված ակտիվիստն է:
Կայքը հայտնում է, որ Բաքվի վճռաբեկ դատարանը մերժել է անցյալ շաբաթ ձերբակալված NIDA-ի երիտասարդ ակտվիստ Բայրամ Մամեդովի եւ «Ձախ ճակատի» անդամ Գիյաս Իբրահիմովի մեկուսացումը տնային կալանքով փոխարինելու մասին դիմումը` նշելով, որ այս մասին «Թուրան»-ին հայտնել է նրանց փաստաբան Էլչին Սադըգովը:
Երիտասարդները մեղադրվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, սակայն, նրանց ձերբակալության իրական պատճառն, ինչպես իրենք են գտնում, Հեյդար Ալիեւի արձանի պատվանդանի կողերին ադրբեջաներենով եւ անգլերենով Qul Bayramınız MՖbarək (Շնորհավորում ենք ստրուկի օրվա առթիվ), իսկ առաջնակողմում` Fuck the system (Կորչի համակարգը) գրություններ անելն է:
Ազգային դատարաններում ձերբակալությունը բողոքարկելու հնարավորություններն ավարտվելու պատճառով երիտասարդների ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը խախտվելու համար նրանց դատապաշտպաններն այժմ պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Փաստաբանի խոսքով` խոշտանգումների ենթարկվելու պատճառով դատախազության որոշումով երկու երիտասարդներն էլ մայիսի 26-ին դատա-բժշկական փորձաքննություն են անցել:
Meydan TV-ին այդ առնչությամբ գրում է, որ Ադրբեջանն այսօր մի երկիր է, որում իշխանության մարմիններում, սկսած պետության ղեկավարից մինչեւ բանտապահ, «պատվի» եւ «խղճի» մասին խոսքերն ունեն ամենախեղաթյուրված իմաստը:
Ադրբեջանն այսօր մի երկիր է, որտեղ ոստիկանության, անվտանգության ծառայությունների եւ դատախազության քննիչ-հետաքննիչները կարող են ժպիտը շուրթերին սեռական հարաբերություն կազմակերպել կասկածյալի կնոջ հետ՝ նրա երեխաների եւ ազգականների աչքի առաջ:
Ադրբեջանն այսօր այն երկիրն է, որտեղ կասկածյալին կարող են սպառնալ ոստիկանական մահակի կիրառմամբ սեռական ակտով, եւ այդ սպառնալիքն իրականացնել տեսանկարահանումով՝ ապագա շանտաժի համար:
Ադրբեջանում ավանդույթ է դարձել իշխանություններին, կառավարությանը քննադատող ակտիվիստներին, ընդդիմադիրներին եւ քաղաքական-հասարակական գործիչներին, անգամ կրոնավորներին թմրանյութերի հետ կապված հոդվածներով մեղադրանքներ ներկայացնելն ու բանտեր նետելը:
Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` Ադրբեջանում ներկայում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ կան, որոնցից 28-ը ճանաչվել են խղճի բանտարկյալներ: