Ադրիանա Գալստյանի դպրոցական հուշերն ու շրջանավարտներին ուղղված բարեմաղթանքը
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Այսօր հանրապետության մի շարք դպրոցների աշակերտներ հրաժեշտ կտան դպրոցին եւ կմտնեն նոր` ավելի հասուն եւ հետաքրքիր կյանք: Սակայն դպրոցական տարիները անմոռանալի հետք եւ գեղեցիկ հուշեր են թողնում յուրաքանչյուրիս սրտում:
Սերիալներից հայտնի դերասանուհի Ադրիանա Գալստյանը եւս մինչ օրս հիշում է իր դպրոցն ու կյանքի անհոգ տարիները.
«Բոլորիս հիշողությունների մեջ էլ կմնա այդքան սպասված «Վերջին զանգը»: Այդ օրն, ուղղակի, չէի կարող զսպել հուզմունքս, քանի որ քաջ գիտակցում էի, որ անցան կյանքիս անհոգ տարիները»,-մեզ հետ զրույցում անկեղծացավ դերասանուհին, որը դպրոցի հետ կապված մի շարք ջերմ հիշողություններ ունի.

«Ամեն անգամ դեմքիս ժպիտ է հայտնվում, երբ հիշում եմ, թե ինչպես էինք փորձում փախչել դասերից, ապրիլմեկյան կատակներ էինք մտածում, իսկ երբ 2 էինք ստանում, ծնողներին այնպես էինք ներկայացնում, թե իբր ամբողջ դասարանն է նման գնահատական ստացել: Դպրոցիս հետ կապված շատ հուշեր ունեմ, այնքան, որ կբավարարեն մինչեւ կյանքիս վերջ»:
Դերասանուհին խոստովանում է, որ շատ է կարոտում դպրոցական տարիներն ու հաճախ նախանձով է նայում դպրոցահասակ պատանիներին.
«Շրջանավարտներին ուզում եմ խորհուրդ տալ, որ ջերմորեն գրկեն իրենց ուսուցիչներին եւ դասղեկներին, որովհետեւ նրանց դեռ շատ են կարոտելու: Մենք մեր առաջին քայլերը հենց դպրոցում ենք արել: Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր ավարտեցին դպրոցը եւ մտնում են նոր կյանք: Թող, որ դպրոցական տարիների կենսուրախությունն ու անհոգությունը ուղեկցեն ձեզ ամբողջ կյանքի ընթացքում: Շնորհավոր ձեր «Վերջին զանգը»»: