Ադրբեջանից՝ Ուկրաինա. «Բոն վոյաժ, բոն ապետիտ …» (Bon voyage, bon appétit)
AnalysisՊարզվում է՝ սեփական անձից «հերոս» կերտելն այնքան էլ բարդ գործ չէ: Նախ՝պետք է հայոց հարուստ բառամթերքն օգտագործելով ինչ-որ խոսուն անուն հորինել, հետո դրան կպցնել «նախաձեռնության ղեկավար» բառակապակցությունը, և դա միանգամայն բավարար կլինի, որ ինչ-որ անհավանական պատմությունների «հերոսների» մասին մեկ-երկու ասուլիս կազմակերպվի և վերջ:
Այսքան պարզ ու հասարակ ձևով կարելի է հայտնվել թե՛ հասարակության, թե՛ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, սեփական անձի հանդեպ հավատ ներշնչելու համար էլ անհրաժեշտ է անխնա քննադատել իշխանություններին: Դա պարտադիր պայման է: Հակառակ դեպքում հասարակությունը կսկսի կասկածել, թե «ակտիվիստը» իշխանության մարդն է: Բայց, որպեսզի ամեն ինչ իրականությանը նման լինի, պետք է իշխանություններին քննադատել վերից վար և հորիզոնական ուղղություններով՝ մտքում ծիծաղելով այն միամիտների վրա, ովքեր ժամանակ չեն խնայում «նախաձեռնության առաջնորդ» կոչվածի հերյուրանքները լսելու համար:
Սա ընդունված պրակտիկա է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Հիմնականում նման սցենարով «հայտնի» դառնալու ճանապարհը բռնած «առաջնորդները» գեղեցիկ խոսելուց բացի, այլ՝ ավելի լուրջ գործի չեն տիրապետում: Ու եթե սուտը որպես ճշմարտություն մատուցելը համարենք հմտություն, ապա այդ «հմտությունն» էլ դառնում է սեփական հավակնությունները դրսում լավ գնով վաճառելու ենթական ապրանք:
Ի դեպ, ծնունդով որևէ ազգի պատկանող, բայց իրականում անազգ ու անհայրենիք այս մարդկանց կարիքը հատկապես վերջին շրջանում շատ ունի հակառակորդ Ադրբեջանը: Եվ պատահական չէր, որ Վահան Մարտիրոսյան անունով արարածը, օգտագործելով այդ առիթը, իրեն ու իր ընտանիքին լավ գնով վաճառեց նրանց:
Իրականում, սակայն, նրա երազանքը քայքայված Ուկրաինայում հայտնվելը չէր: Նրա երազանքը եվրոպաներում հանգրվանելն էր, սակայն այստեղ արդեն հաշվարկները չհամընկան, և Ադրբեջանը նրան օգտագործելուց հետո նետեց Ուկրաինա: Բայց քանի որ Հայաստանին վարկաբեկելը «Վահան-Ադրբեջան» բիզնես պլանի ամենակարևոր և յուղոտ հատվածն է, ուստի նա ժամանակ առ ժամանակ ստիպված կլինի նոր հեքիաթներ հորինել իր անձի ու Հայաստանի մասին և դրանք վաճառել իր մշտական գնորդին:
Ամենազավեշտալին այն է, թե իրականում ովքեր են նրա «հայաստանյան համախոհները» և ո՞ւմ հետ է շարունակում շփվել, քանի որ նույնիսկ իր «նախաձեռնություններ» ասվածի ժամանակ նրա կողքին իրականում ոչ ոք էլ չի եղել: Սա իմիջիայլոց, սակայն ուշագրավն այն է, որ նա համախոհներ է գտել նաև երրորդ երկրում և չի բացառվում, որ հիմա էլ փորձի Ուկրաինայում թարմ ականջներ գտնել ու ստեր հորինելով իր փորը պահել:
Չի բացառվում նաև, որ այլ հերյուրանք էլ լսենք, թե իրեն նեղում են, իրեն հետապնդում են, բայց դա այն ժամանակ, երբ ինքն արդեն պետք չի լինի նույնիսկ իր հարազատ Ադրբեջանին և նրա ազերի հարազատները նույնպես հոգնած կլինեն նրա ստերից: Այնպես որ, այս խմորը դեռ շատ ջուր կտանի և դեռ շատ վահանաբացահայտող հարցազրույցներ կլսենք, սակայն դրանից ոչ թե պետք է զայրանալ կամ զարմանալ, այլ հետևություններ անել, որ ո՛չ «նախաձեռնություններ» կոչվածներում հայտնված մարդիկ վարկաբեկվեն, ո՛չ էլ լուրջ մարդիկ հիմար վիճակում հայտնվեն:
Իսկ ինչ վերաբերում է ազգայինով ու ազատագրականով «զբաղված» առաջամարտիկ ներկայացնող շնչավոր այդ էակին, ապա հետաքրքիր է, ինչպես կարող է ազգային վեհ նկրտումներ ունեցողը վաճառվել իր ազգի հանդեպ պետական մակարդակով թշնամություն սերմանողին և հային կացնահարողին մեդալով պարգևատրողին ու դեռ իր երկրի ներսում համախոհներ ունենալուց խոսել:
Իսկ եթե մեր երկրում նրա նման մարդիկ իսկապես դեռ էլի կան, ապա լավ կլինի, որ նրանք էլ օր առաջ Ադրբեջանին դիմեն ու նրանց փողերով Ուկրաինա հասնեն:
Արմինե Գրիգորյան