Բնակչության եկամուտների կրճատման արդյունքում նվազել են մանրածախ և մեծածախ առևտրի ծավալները. ԿԲ
EconomicsԱրտաքին տնտեսական անբարենպաստ զարգացումների պահպանման պայմաններում ձևավորված ռիսկերը անդրադարձել են ՀՀ ներքին տնտեսության վրա՝ խոցելի դարձնելով Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2015 թ.» պարբերականից:
Տարվա ընթացքում ՀՀ Կառավարության կողմից իրականացված խթանող հարկաբյուջետային և ՀՀ ԿԲ ընդլայնող դրամավարկային քաղաքականությունների շնորհիվ 2015 թ. արձանագրվել է կանխատեսվածից բարձր տնտեսական աճ: 2015 թ. տնտեսական աճը, համաձայն ԱՎԾ տվյալների, կազմել է 3.0%: Տնտեսական աճը ապահովվել է հիմնականում արտահանելի ճյուղերի, մասնավորապես` արդյունաբերության և գյուղատնտեսության թողարկման ծավալների ավելացման հաշվին:
Ըստ հաշվետվության՝ արդյունաբերության ոլորտում պահպանվել են առաջին կիսամյակի վերջին գրանցված դրական զարգացումները. մետաղական հանքաքարի արդյունահանման ճյուղի թողարկման ծավալների 1.5 անգամ ավելացման շնորհիվ գրանցվել է արդյունաբերության ավելացված արժեքի տ/տ 6.3% աճ:
Դիտարկվող ժամանակահատվածում գյուղատնտեսության ճյուղի ավելացված արժեքի աճը կազմել է 11.4%: Ընդ որում՝ ճյուղի աճը ապահովվել է բուսաբուծության, անասնապահության և ձկնաբուծության ենթաճյուղերի թողարկման ծավալների համապատասխանաբար 15.2%, 6.1% և 6.4% աճի հաշվին:
2015 թ. շինարարության ճյուղի ավելացված արժեքը նվազել է տ/տ 4.2%-ով, ինչը կազմակերպությունների և պետական ու համայնքային միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալների կրճատման հետևանք է: Միևնույն ժամանակ, աճել են միջազգային վարկերի, մարդասիրական օգնության և բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալները՝ համապատասխանաբար 20.5%, 73.0% և 1.5%-ով:
Հաշվետվության համաձայն՝ ծառայությունների ոլորտում ավելացված արժեքի աճը, ըստ ԱՎԾ տվյալների, 2015 թ. կազմել է 1.8%, որն ապահովվել է մատուցված ծառայությունների 2.7% աճի, մասնավորապես` մշակույթի, զվարճանքի և հանգստի (68.1%), ինչպես նաև ֆինանսական և ապահովագրական գործունեության (3.6%) ենթաճյուղե- րում արձանագրված աճի հաշվին:
Միևնույն ժամանակ, դրամական փոխանցումների նվազմամբ պայմանավորված` բնակչության տնօրինվող եկամուտների կրճատման արդյունքում նվազել են մանրածախ և մեծածախ, ինչպես նաև ավտոմեքենաների առևտրի ծավալները՝ համապատասխանաբար 10.1%, 4.2% և 9.8%-ով: Համախառն պահանջարկի տարր հանդիսացող մասնավոր սպառումը, համաձայն ՀՀ ԱՎԾ տվյալների, նվազել է 7.9%-ով: Նվազման խորացմանը հիմնականում նպաստել են ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների շարունակական կրճատումը, գործարար ակտիվության ցածր մակարդակը, ինչպես նաև տնտեսության վարկավորման աճի տեմպերի դանդաղումը:
Ըստ ԿԲ-ի՝ մասնավոր հատվածի ծախսումների կրճատումը մեղմվել է ՀՀ Կառավարության կողմից ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության իրականացմամբ, մասնավորապես` պետական սպառումը նախորդ տարվա համեմատ աճել է 3.1%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում տնտեսության շարունակական թույլ ներդրումային ակտիվության պայմաններում նաև մասնավոր ներդրումներն են նվազել՝ 6.5%-ով:
Ներդրումների անկումը պայմանավորված է եղել մի կողմից ներքին պահանջարկի կրճատմամբ, մյուս կողմից՝ ձեռնարկությունների վարկավորման թուլացմամբ: Ի տարբերություն մասնավոր ներդրումների նվազման, պետական ներդրումներն ավելացել են 12.3%-ով: