Հանրապետությունում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է
SocietyՀայաստանում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է: Այս մասին«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը`ներկայացնելով վիճակագրական տվյալներ:
2015 թվականի առաջին 4 ամիսներին հանրապետությունում գրանցվել է անչափահասների կողմից կատարված 101 հանցագործության դեպք: 2016 թվականին այդ ցուցանիշը կազմել է 83: Այսինքն`նվազել է 18-ով: Այդ թվում նվազել են մարմնական վնասվածք հասցնելու, գողության, անօրինական զենք կրելու դեպքերը: Նելլի Դուրյանը նշեց, որ բավական մեծ աշխատանք է տարվում անչափահասների շրջանում, նրանց ընտանիքների հետ, ինչպես նաև դպրոցներում:
Ինչ վերաբերում է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններին, ապա այստեղ ևս նվազում է նկատվում: 2015 թվականի առաջին 4 ամիսներին անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերը 74-ն էին, այս տարվա առաջին 4 ամիսներին` 71: Դրանում հիմնականում գերակշռում են մարմնական վանսվածքներ հասցնելու դեպքերը: Նախորդ տարի առաջին 4 ամսում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերը 4-ն էին, այս տարի մի փոքր ավելացել են` 6: Դրանք այն դեպքերն են, երբ ծնողի կողմից երեխային մարմնական վնասվածք է հասցվում:
Խոսելով խնդիրների մասին` Երևանի քաղաքապետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը նշեց, որ վերջին շրջանում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին մանկատներում տեղավորելու աճ է նկատվում:
«Արդյունավետ աշխատանք է տարվում դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին հայտնաբերելու ուղղությամբ: Աջակցություն ենք ցուցաբերում տարբեր ուղղություններով, և' սոցիալական աջակցություն, և' իրավաբանական խորհրդակցություն, և' երեխաներին տեղավորելու հարցեր: Այսինքն, եթե հնարավորություն չկա երեխային ընտանիքում պահելու, նրանք պետության խնամքին են հանձնվում, դրանից հետո էլ աշխատում ենք, որ մանկատանը հայտնված երեխան ընտանիք վերադառնա»,-ասաց Իդա Խաչատրյանը:
ՀՕՖ-ի երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը նշեց, որ տարվա ընթացքում դժվարին իրավիճակում հայտնված 100-ից ավելի երեխայի ու նրա ընտանիքի հետ են աշխատում: Երեխաների կենտրոնն ավելի շատ վերականգնողական ծառայություն է մատուցում, երբ երեխան տուժել է, լքված է. նա կարող է մնալ կենտրոնի ապաստանի ծառայությունում և բազմամասնագիտական թիմի աջակցությունն ստանալ:
«Եթե թվերի լեզվով խոսեմ, ապա 2015 թվականին մեզ մոտ ապաստանել է 200 երեխա, այս տարվա առաջին կեսին մենք ընդունել ենք ավելի քան 80 երեխայի: Միտումները հետևյալն են: Մեզ մոտ գալիս են առավել ծանր վիճակում հայտնված երեխաներ, որոնց 60 տոկոսից ավելին տարի և ավելի երկար ժամանակ դպրոց չի հաճախել: Երեխաներ ունենք 15-16 տարեկան, որ մեկ օր անգամ դպրոց չեն հաճախել, տարբեր հանգամանքների պատճառով դուրս են մնացել: Գնալով ավելանում է այն երեխաների թիվը, որոնք ունեն հոգեկան առողջական խնդիրներ ունեցող ծնողներ: Մեր երկրում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ծնղղների համար չկան վերականգնողական, աջակցող ծառայություններ: Եթե խոսում ենք բացերի մասին, ապա այս խնդիրը պետք է մատնանշել»,-ասաց Միրա Անտոնյանը:
Հաջորդ միտումն այն է, որ իրենց մոտ եղած երեխաների մի զգալի մասի ընտանիքն անապաստան է կամ ապրում է այնպիսի ժամանակավոր կացարանում, որոնք դժվար է բնակարան անվանել: «Վերջին խնդիրը երկարատև զրկանքների մեջ մեծացած երեխաների հետ է կապված: Երեխաները տուժում են ընտանիքում եղած ոչ նորմալ հարաբերություններից, նրանց ներկայությամբ տեղի են ունենում այնպիսի երևույթներ, որոնք չպետք է թույլ տալ: Ահա այդ միջավայրում մեծացած երեխան` արդեն դեռահասը, վարքային լուրջ դժվարություններ է ունենում: Հատկապես աղջիկները, ովքեր չեն ցանկանում վերադառնալ տուն, և փողոցը նրանց կուլ է տալիս, և նրանք ներգրավվում են ոչ ցանկալի միջավայրում»,-հավելեց Միրա Անտոնյանը:
Նելլի Դուրյանը նկատեց, որ վերջին տարիներ բավական լավ համագործակցություն է նկատվում հասարակական սեկտորի և պետական կառույցների միջև: Առանց համատեղ աշխատանքի հնարավոր չէ երեխայի հարցը լուծել: