Խմորի համար կաթսայի մեջ ենք լցնում կարագը` ավելացնում ջուր և աղ, դնում ենք կաթսան կրակի վրա ու հասցնում ենք եռման աստիճանի։
Լցնում ենք մաղած ալյուրը և լավ խառնում։
Ալյուրը պետք է եփվի, իսկ խմորը գնդի նման կպնի իրար։
Ստացված զանգվածը լցնում ենք ամանի մեջ և սառեցնում` գոնե մինչև 60 աստիճան։
Ձուն հարում ենք։
Հարում ենք խմորը, ապա աստիճանաբար ավելացնում ենք ձուն։
Ահա և պատրաստի խմորը։
Այժմ վերցնում ենք որևէ փաթեթ, ծայրը կտրում այնպես, որ տրամագիծը 18 մմ լինի։ Յուղաթղթի վրա մատիտով գծում ենք և սկսում ենք խմորը լցնել` 12 սմ երկարությամբ։
10 րոպե թխում ենք մինչև 220 աստիճանում, այնուհետև 25 րոպե` 180 աստիճանում։
Կրեմի համար ամանի մեջ ենք լցնում կարագն ու վանիլինը և մի քանի ժամով հանգիստ ենք թողնում։ Առանձին կաթսայի մեջ խառնում ենք ձուն և կաթը:
Ապա ավելացնում ենք շաքարավազը և թույլ կրակի վրա անընդհատ խառնելով եփում, մինչև եռա։
Մի քանի րոպե եռացնում ենք, որ օշարակը թանձրանա։
Ամանի մեջ լցրած վանիլինով կարագը հարիչով հարում ենք, այնուհետև գդալ-գդալ ավելացնում ենք սենյակային ջերմաստիճանի օշարակը։
Վերջում ավելացնում ենք կոնյակը։ Պատրաստի կրեմը 2 մասի ենք բաժանում։ Մի մասի մեջ ավելացնում ենք կակաոն և լավ հարում։
Սառած էկլերների կողքից կտրվածք ենք անում և մեջը կրեմ լցնում. 10-ի մեջ սովորական կրեմ, մյուս 10-ի մեջ՝ կակաոյով կրեմ։
Պատրաստի էկլերները դնում ենք սառնարանը։ Սպիտակ ջնարակի համար կաթսայի մեջ հալեցնում ենք սպիտակ շոկոլադը, ապա ավելացնում ենք սերուցքը և խառնում: Էկլերը պատառաքաղի վրա ենք խրում և թաթախում ջնարակի մեջ։
Շոկոլադե ջնարակի համար կաթսայի մեջ հալեցնում ենք սև շոկոլադը, ապա ավելացնում ենք սերուցքը և խառնում: Ապա մնացած 10 Էկլերները թաթախում ենք շոկոլադե ջնարակի մեջ։
Թողնում ենք, որ էկլերները հանգստանան 20 րոպե, ապա մատուցում: