«Ես չեմ ուզում, որ իմ երեխեքը դառնան քաղաքական գործիչ, մանավանդ՝ աղջիկս». Շարմազանով
SocietyԱյսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նախ շնորհավորեց ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող բոլոր երեխաներին՝ մաղթելով նրանց քաջառողջություն ու անհոգ մանկություն:
Փոխխոսնակը կարծում է, որ երկրի համար պիտանի քաղաքացի դառնալու համար ծնողները երեխաներին մի փոքր ազատ պետք է թողնեն. «Երեխան անմշակ էակ է, բաց գրատախտակ է, ինչ գրես, դա էլ կմտնի, ճիշտ պետք է ուղորդել, բայց շատ նուրբ, որ չզզվի:
Երեխաներին պետք չէ մամայի բալա մեծացնել: Զարմանում եմ, երբ լսում եմ, որ երեխաները ցանկանում են դառնալ նախագահ կամ պաշտոնյա, երբ մենք փոքր էինք, «ինչ եք ցանկանում դառնալ» հարցին պատասխանում էինք ֆուտբոլիստ, տիեզերագնաց եւ այլն:
Այսինքն` երեխաները պետք է մի փոքր ռոմանտիկ լինեն»,- ORER.am-ի փոխանցմամբ` ասաց Է.Շարմազանովը:
Խոսելով իր երեխաների մասին` փոխխոսնակը նշեց, որ ունի լայն հետաքրքրությունների տեր աղջնակ. «Ոչ թե իմն է, դրա համար եմ ասում, այլ իսկապես հետաքրքիր է: Շատ մեծ հետաքրքրություններ ունի՝ ռոք երաժշտություն եւ այլն: Նույնիսկ արդեն ինքն է ինձ ասում, թե ինչ լսեմ, ինչ գիրք կարդամ: Շատ ուրախանում եմ:
Ուզում է դառնալ վեբ դիզայներ: Ես մասնագիտության ընտրության հարցում չեմ միջամտում, կարեւորը՝ լավ դաստիարակություն ունենա, լավ մարդ լինի, դեռ 8-րդ դասարանում է: Տղաս մի քիչ ամաչկոտ է: Ի տարբերություն աղջկաս՝ ավելի փակ է, հավասարակշռված»:
Հարցին՝ չե՞ն ուզում արդյոք նրա երեխաները քաղաքական գործիչ դառնալ, Է.Շարմազանովը պատասխանեց. «Չեն ուզում դառնալ, չէ, չէ, ի սեր Աստծո, նման բան չկա: Աղջիկս հետաքրքրվում է քաղաքականությամբ, բայց որպես ակտիվ քաղաքացի: Աստված է ամեն ինչ տնօրինում, բայց ես չեմ ուզում, որ իմ երեխեքը դառնան քաղաքական գործիչ, մանավանդ՝ աղջիկս»: