Բնակարան է հանձնվել զոհված զինծառայող Հրաչյա Գալստյանի ընտանիքին՝ նրա փոքրիկի լույս աշխարհ գալու օրը. SOS Գյումրի
Society«SOS Գյումրի» բարեգործական ծրագրի բնակարանների թիվն ավելացավ ևս մեկով՝ հասնելով 25-ի. տեղեկանում ենք «SOS Գյումրի»-ի Facebook-ի էջից:
Ըստ տեղեկատվության՝ ՀԷՑ-ը ծրագրին նվիրաբերած 13 բնակարաններին ավելացրել է ևս մեկը, որը հանձնվել է ապրիլի քառօրյա պատերազմում հերոսաբար ընկած Հրաչյա Գալստյանի ընտանիքին՝ նրա փոքրիկի լույս աշխարհ գալու օրը։
«Այսպիսով՝ 23 բնակարան արդեն փաստացի ունի հասցեատեր։ 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ավելի քան 100 մարդ, ովքեր ապրում էին անմարդկային պայմաններում, տեղափոխվել են գեղեցիկ, կահավորված բնակարաններ։ Եվս 2 բնակարան, որոնք «SOS Գյումրի» ծրագրին պետք է փոխանցեն ԱԺ պատգամավոր Արման Սահակյանն ու ՎԵԳԱ ընկերությունը, պետք է փոխանցվեն անօթևաններին։
«SOS Գյումրի» թիմն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանին։ Պրն․ Ֆարզադյանը դարձել է մեր թիմի անդամը՝ աջակցելով բազմաթիվ հարցերում՝ փաստաթղթավորումից մինչև ընտանիքների տեղափոխություն։
Կայանալու է նաև բարեգործական աճուրդը, որի շրջանակներում վաճառքի են հանվելու բազմաթիվ արժեքավոր լոտեր։ Աճուրդի մասին մանրամասներ կհրապարակենք ավելի ուշ»,-նշվում է տեղեկատվության մեջ։